«Աշխարհի ամենահաջողակ դաշնակահարը» ելույթ կունենա հայ հանդիսատեսի համար
Դասական, էթնիկ և ֆիլմերի երաժշտության գործիքավորող, կատարող ֆրանսիացի դաշնակահար Ռիշար Կլայդերմնը Երևանում հանդես կգա երկու համերգով ` Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ: Համերգները տեղի կունենան մարտի 13-ին և 14-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Այս մասին հայտնում են Հայաստանի պետական կամերային նվագախմբի մամուլի ծառայությունից:
Համերգի ընթացքում կհնչեն նաև դաշնակահարի հանրահայտ Ballade Pour Adeline, Mariage D'Amour, A comme Amour, Murmures ստեղծագործությունները:
Դասական, էթնիկ և ֆիլմերի երաժշտության գործիքավորող, կատարող ֆրանսիացի դաշնակահար Ռիշար Կլայդերմնը /իսկական անունը Ֆիլիպ էջեր/ ծնվել է 1953-ին, Փարիզում: Դաշնամուրի առաջին դասերը ստացել է երաժիշտ հորից` դեռ վաղ տարիքում, իսկ ընդամենը 12 տարեկանում արդեն կոնսերվատորիայի ուսանող էր: Կլայդերմանը իր հիմնական ժամանակը նվիրել է կատարողական գործունեությանը և Paul de Sennevilem –ի գրած աշխարհահռչակ «Բալադ Ադելինի համար» ձայնասլավառակի թողարկումը նրան հռչակեց ամբողջ աշխարհով մեկ: Ձայնասկավառակը վաճառվեց աշխարհի ավելի քան 30 երկրներում 22 մլն օրինակով:
Կլայդերմանը ձայնագրել է ավելի քան 1300 մեղեդի, և ստեղծել է նոր ռոմանտիկ ռեպերտուար, յուրօրինակ իր ոճով միավորելով դասական և փոփ երաժշտությունը:
Հանաճանաչ դաշնակահարը նշվել է համաշխարհային ռեկորդների Գինեսի գրքում` որպես «the most successful pianist in the world» «աշխարհի ամենահաջողակ դաշնակահարը»: