Թուրքիայում ձերբակալվել է հերթական ցուցարարը
«Թըդեյս Զաման»-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի հյուսիս-արևմտյան Էդիրնե նահանգում տեղի ունեցած ցույցի ժամանակ ցուցարար Քադիր Յավաշին ձերբակալել են:
Սա արդեն Միացյալ հունիս շարժման ցույցերից երկրորդ ձերբակալությունն է: Առաջին ձերբակալվածը Օնուր Քըլըչն էր: Նախօրեին տեղի ունեցած ցույցի ժամանակ Քադիր Յավաշը Քըլըչի ձերբակալման վերաբերյալ հակակառավարական շարժման դիրքորոշումն է ընթերցել, ինչի արդյունքում ժամեր անց նրան ևս ձերբակալել են:
Նշենք, որ Օնուր Քըլըչին ձերբակալել էին հունվարի 11-ին Էրդողանին ուղղված վիրավորական խոսքերի համար: Նրա կալանավորումը կառավարության վարած կրթական քաղաքականության դեմ համաժողովրդական պայքարի շրջանակներում է տեղի ունեցել: Թուրքիայի մի շարք քաղաքացիներ պնդում են, որ աշխարհիկ կրթությունը Թուրքիայում քայքայվում է օրեցօր:
Քըլըչի ձերբակալման դեմ ցույցի ժամանակ Յավաշը քննադատել է ոստիկանությանը և դատարանին՝ ասելով, որ վերջիններս քրեականացնում են կարգախոսները, և որ Քըլըչի ձերբակալությունը փորձ էր՝ լռեցնելու իրենց շարժումը: