Վրացահայ համայնքի գրեթե մեկ երրորդը հանդիսանում է ցեղասպանության զոհերի ժառանգ. Վիրահայոց թեմ
Փետրվարի 13-ին Վրաստանում Գերմանիայի Դաշնության դեսպանատանը արտակարգ և լիազոր դեսպան Օրթվին Հենիգի նախաձեռնությամբ կայացել է հանդիպում Գերմանիայի Դաշնության Բունդեստագի նախագահ դոկտոր Նորբերտ Լամմերտի հետ: Հանդիպմանը մասնակցել են Վրաց Ուղղափառ, Հռոմեական կաթոլիկ, Գերմանական լյութերական, Մկրտական-ավետարանական Եկեղեցիների բարձրաստիճան հոգևորականներ, Հրեական համայնքի ռաբբին և Եզդի համայնքի հոգևոր առաջնորդը:
Հանդիպմանն իր մասնակցությունն է բերել Վիրահայոց թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:
Վիրահայոց թեմի մամլո հաղորդագրության համաձայն` հանդիպմանը Գերմանիայի Բունդեստագի նախագահը հետաքրքրվել է Վրաստանում կրոնական հանդուրժողականության մասին: Բարձրաստիճան հյուրին հետաքրքրում էր նաև քրիստոնյաների, մահմեդականների, հուդդայականների և այլ կրոնական համայնքների փոխհամագործակցությունը:
Վիրահայոց թեմի առաջնորդը պատմական ակնարկով ներկաներին և բարձրաստիճան հյուրին ներկայացրել է Հայոց Եկեղեցու, Վիրահայոց թեմի պատմությունը, հայ եկեղեցուն և Վրաստանի հայությանը հուզող հիմնահարցերը:
Սրբազան Հայրը շեշտել է նաև այն, որ հակառակ տարբեր դժվարություններին, Վրաստանում շարունակվում է կրոնական համայնքների փոխհամագործակցությունը, իսկ պետության հետ համագործակցությամբ Վիրահայոց թեմը ակնկալում է պատմական իր եկեղեցիների վերադարձի հիմնախնդրի լուծում:
Դոկտոր Նորբերտ Լամմերտը Թեմի առաջնորդից հետաքրքրվել է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում, Վրաստանի տարածքում հայկական և իսլամական համայնքների փոխհարաբերությունների և հայերի ու թուրքերի փոխհարաբերությունների մասին: Բունդեստագի նախագահը նշել է, որ ողջ Եվրոպան տեղյակ է 100 տարի առաջ հայերի նկատմամբ տեղի ունեցած ցեղասպանության մասին,հավելելով, որ հայկական տարբեր համայնքներում տարբեր միջոցառումներով հիշատակելու են այդ ողբերգական կորստի զոհերին և Եվրոպայում ուշիուշով հետևում են հայ-թուրքական փոխհարաբերություններին:
Բարձրաստիճան հյուրերին հետաքրքրում էր նաև այն, թե Վրաստանի հայ համայնքի որքան մասն է կազմում ցեղասպանությունից մազապուրծ փրկված և Վրաստան գաղթած հայության թիվը:
Սրբազանն իր երախտագիտությունը հայտնել է դոկտոր Նորբերտ Լամմերտին հայ ժողովրդի մեծ վշտի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության համար և ներկայացրել, որ հակառակ պատմական իրադարձություններին, Վրաստանում հայ համայնքը հաշտ ապրում է իսլամական համայնքի հետ, չմոռանալով, անշուշտ, պատմության արդարության հիշողությունն ու պահանջատիրությունը:Սրբազանը նշել է, որ վրացահայ համայնքի գրեթե մեկ երրորդը հանդիսանում են ցեղասպանության զոհերի ժառանգներ և վրացահայությունը Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում կազմակերպում է տարբեր միջոցառումներ և աշխարհասփյուռ հայության հետ իր ձայնն է բարձրացնում արդարության համար:
Թեմի առաջնորդը նաև իր գոհունակությունն է հայտնել վրացական իշխանություններին և կրոնական բոլոր համայնքների ներկայացուցիչներին, ովքեր մշտապես կիսում են վրացահայության վիշտը և կանգնում են հայ համայնքի կողքին:
Հանդիպմանը քննարկվել են նաև համայնքների միջև խառը ամուսնությունների և բազմամշակութային փոխհամագործակցության վիճակագրությունը Վրաստանում:
Վրաստանում Գերմանիայի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Օրթվին Հենիգը իր շնորհակալությունն է հայտնել հյուրերին հանդիպմանը մասնակցության և ջերմ զրույցի համար:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան