Ռուս փորձագետը` Գյումրիի ողբերգության մասին
Ռուսաստանի սահմաններից դուրս գտնվող ռազմաբազաներում պետք է ծառայեն միայն պայմանագրային զինծառայողները: Անդրադառնալով Գյումրիում տեղի ունեցած ողբերգությանը` «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած առցանց հարցազրույցի ժամանակ նման տեսակետ է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի բաժնի վարիչ, ռուսաստանյան հասարակական-քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Վլադիմիր Եվսեևը:
«Պայմանագրային զինծառայողներին ավելի խստորեն են ընտրում: Այս պայմաններում նմանատիպ զարգացումները պարզապես անհնար կլինեին: Սակայն ամեն ինչ պայմանավորել ռազմական հանցագործությամբ սխալ կլինի: Շատ ավելի հավանական է, որ այստեղ կային լուրջ կենցաղային պատճառներ՝ կապված հենց Չիտայի, ոչ թե Գյումրիի հետ: Նաև վստահ չեմ, որ հենց Պերմյակովն է կատարել այդ սարսափելի հանցագործությունը»,- ասել է Վլադիմիր Եվսեևը:
Պատասխանելով այն հարցին, թե ճի՞շտ է համարում, որ Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովն այդպես էլ չփոխանցվեց ՀՀ իրավապահ մարմիններին, փորձագետը նշել է, որ Պերմյակովը, ինքնակամ և զինված լքելով զորամասը`կատարել է ռազմական հանցագործություն:
«Այն ինչ կատարվել է Գյումրիում, կարծում եմ կապված է նախկինում ՌԴ-ի տարածքում, մասնավորապես, Չիտայում տեղի ունեցած որոշ դեպքերի հետ»,- շեշտել է Վ. Եվսեևը:
«Ինչպես բոլոր հայերին, ինձ նույնպես ցնցել է այս ողբերգությունը: Իհարկե այս հրեշավոր դաժանությունը արժանի է ամենախիստ պատժի: Այնուամենայնիվ, կյանքը շարունակվում է: Կարծում եմ, որ ՌԴ-ն կատարվածից հետևություններ կանի: Մենք պետք է միասին հաղթահարենք այս դժբախտությունը: Նստվածք իհարկե կմնա, սակայն սա չպետք է հանգեցնի հայ-ռուսական հարաբերությունների վատացման»,- հավելել է փորձագետը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները