Ռուսական շուկայում ձկնամթերքի գների նվազումը հանգեցրել է Հայաստանից արտահանումների նվազման
Հայաստանի` ԵՏՄ-ի անդամակցությունը ոչինչ չի տալու ձկնամթերքի արտահանման համար: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Հայ ձկնարտադրողների միության նախագահ Արթուր Աթոյանը:
Նրա խոսքերով` ռուսական շուկայում ձկնամթերքի գների նվազումը հանգեցրել է Հայաստանից արտահանումների նվազման և ներքին շուկայում գնանկումների: Բացի այդ, այնտեղ պահանջարկը ցածր է, և մեր արտադրողները չեն կարողանում նախորդ տարվա ծավալներով արտահանում իրականացնել:
Լրագրողների հարցին, թե արտահանման ծավալները որքան են նվազել, Ա.Աթոյանն ասաց, որ ինքը արտահանման ծավալների պաշտոնական թվերին չի ծանոթացել: Դիտարկմանը, թե Գյուղատնտեսության նախարարության տվյալներով արտահանման ծավալները նախորդ տարի ավելացել են, Աթոյանը նշեց, որ կան տարբեր թվային տվյալներ, և ինքը չգիտի հստակ վիճակագրությունը:
Ինչ վերաբերում է տեղական շուկային, Հայ ձկնարտադրողների միության նախագահն ասաց, որ իշխանն այսօր շուկայում վաճառվում է կիլոգրամը 1400 դրամով, մինչդեռ անցյալ տարի այն իրացվում էր 1800-ով:
«Կարող եմ ասել, որ վերջին տասնամյակում այսքան խայտառակ գին իշխանը չէր ունեցել: Կարծում եմ, որ ստեղծված իրավիճակի պատճառով ձկնարտադրության ոլորտի զարգացման համար խնդիրներ են առաջանալու»,- ասաց նա` հավելելով, որ սովորաբար ամռան ամիսներին է ձկան գինը հասնում նվազագույնին, սակայն այս տարի ձմռանը ձուկը վաճառվում է դրանից ցածր գներով:
Ա.Աթոյանի խոսքերով` պետությունը պետք է օգնի ձկնարտադրողներին, որպեսզի վերջիններս կարողանան ցածր ինքնարժեքով արտադրություն իարականացնել:
«Արտադրողը պետք է կարողանա ցածր գներով ձկնամթերք մատակարարել շուկա, որպեսզի այն մրցունակ լինի: Հակառակ պարագայում արտահանման աճ չի գրանցվի»,- ասաց նա:
Ըստ նրա` թանկացել է նաև ձկան ներկրվող կերի գինը, ինչը ևս իր ազդեցությունն է ունեցել ձկան ինքնարժեքի ձևավորման վրա: