Ալեքսանդր Մարկարով. Արձանագրությունները դե ֆակտո վաղուց էին ետ կանչված, հիմա ետ կանչվեցին նաև դե յուրե
«Արձանագրությունները դե ֆակտո վաղուց էին ետ կանչված, հիմա ետ կանչվեցին նաև դե յուրե»: «Panorama.am»-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով Նախագահ Սերժ Սարգսյանի` Հայաստան-Թուրքիա արձանագրությունները ՀՀ ԱԺ-ից հետ կանչելու որոշմանը, նշեց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:
«Այս գործընթացը, որը սկսվել է 2008-09թթ.-ին և որը հայտնի է նաև որպես «ֆուտբոլային դիվանագիոըթյուն», ըստ էության հանդես է եկել որպես քայլ Հայաստանի Հանրապետության և ՀՀ նախագահի կողմից, առանց նախապայմանների վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Թուրքիայի հետ, և դա եղել է ինչ-որ իմաստով շատ անսպասելի, աննախադեպ, շատերի կողմից չընդունված կամ շատերի կողմից չհասկացված քայլ, և այն դիտվում էր որպես բավականին համարձակ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ, երբ որ երկիրը ևս մեկ անգամ հաստատում է իր պատրաստակամությունը հանդես գալ որպես կառուցողական էլեմենտը` տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը ուղղված: Սակայն ամբողջ գործընթացը ցույց տվեց, որ թուրքական կողմը, իրականացնելով գուցե սկզբնական պահին կամ սկզբնական փուլում էմոցիոնալ դրական դիրքորոշումներ, չի գտել իր մեջ քաղաքական վճռորոշություն և գուցե քաղաքական իմաստություն`հանդես գալու որպես կողմ, որը պատրաստ է սեղմել իրեն ուղղված ձեռքը»,- նշեց քաղաքագետը:
Մարկարովի համոզմամբ, այս ամբողջ գործընթացը ցույց տվեց, որ թուրքական կողմը քաղաքական դաշտում գտնվող հարցերը տեղափոխել բացարձակապես ուրիշ ոլորտներ, այլ դաշտեր, այլ ձևաչափեր:
«Հասկանալի է եղել արդյոք նշումը, որ Հայաստանը պատրաստակամություն ցուցաբերելով, չէր կարող հավերժ սպասել դրական կամ որևէ մի ընդհանրական արձագանքի Թուրքիայի կողմից, և այն նախազգուշացումները կամ ենթատեքստերը, ենթավերանգները, որոնք տարբեր ատյաններում հնչեցված են եղել Հայաստանի քաղաքական ղեկավարության կողմից, որ այդ դիրքորոշումը ընդամենը տանելու է նրան, որ հայաստանյան կողմը ստիպված է լինելու ետ կանչել այս փաստաթղթերը, դարձավ իրականություն, որովհետև շատ բարդ էր սպասել որևէ արձագանքի, երբ մյուս կողմը բացարձակապես չի նախապատրաստվում, չի ցուցաբերում քաղաքական կամք և պատրաստակամություն դեպի քայլերը, որոնք կարող են ստեղծել, կամ նախապատրաստում է ավելի խորը, ավելի կառուցողական երկխոսությունը երկրների միջև»,- նշեց քաղաքագետը:
Մարկարովը ընդգծեց, որ այսօր` հատկապես 100-ամյակի նախաշեմին ամբողջ իր տրամաբանությամբ թելադրում է մեր քաղաքական իրականությունը 100-ամյակին նվիրված հռչակագրից հետո, բերել է, ինչ-որ իմաստով, իր տրամաբանական ավարտին:
«Այն գործընթացը, որը սկսվել էր մեծ ոգևորությամբ, բայց թուրքական կողմի դիրքորոշման պատճառով չի բերել որևէ մի շոշափելի արդյունքի: Համենայնդեպս առաջադեմ աշխարհը, և գործընկերները, և ոչ բարեկամ երկրները տեսան շատ պարզ բան`Թուրքիան կարող է հանդես գալ որպես մեկ այլ պետության պատանդ, Թուրքիան կարող է հանդես գալ որպես կողմ, որը չի իրականացնում կամ չի հասցնում գործընթացը մինչև վերջ: Իսկ հայկական կողմը տվյալ պարագայում հանդես եկավ որպես նախաձեռնող,սակայն նախաձեռնողական քայլը, կարծում եմ, չի ստացել համապատասխան արձագանք»,- նշեց նա:
Հարակից հրապարակումներ՝
Թուրքական ԶԼՄ-ները` ՀՀ նախագահի կողմից հայ-թուրքական արձանագրություններ հետ կանչելու մասին
Սերգեյ Մինասյան. Հայ-թուրքական արձանագրությունների այս սառեցված վիճակը սպառվել էր
Կարինե Աճեմյան. Նախագահի որոշումը ժամանակին էր և տեղին
Կիրո Մանոյան. Նախագահի որոշումը ճիշտ քայլ է ճիշտ ուղղությամբ, բայց ոչ բավարար
Նախագահի որոշումը ապրիլի 24-ի թուրքական ժխտողականության և մանիպուլիացիներից առաջ շատ լավ քայլ է. թուրքագետ
Հռչակագրի հրապարակումը ենթադրում էր, որ արձանագրությունները ԱԺ-ից հետ կկանչվեն. Դեմոյան