Հայաստանում մոտ 50 երեխայի տարեկան անհրաժեշտ է ոսկրածուծի փոխպատվաստում. մասնագետ
Հայաստանում ոսկրածուծի փոխպատվաստման կենտրոնի բացումը կբարձրացնի քաղցկեղով հիվանդ երեխաների ապրելիության ցուցանիշը: Այս մասին այսօր ՀՀ առողջապահության նախարարությունում տեղի ունեցած քննարկման ժամանակ ասաց «Ուռուցքաբանության ազգային կենտրոնի» մանկական և քիմիաթերապիայի բաժանմունքի ղեկավար Գրիգոր Բադալյանը` պատասխանելով Panorama.am-ի հարցին, թե կենտրոնի կառուցումը որքանով կնվազեցնի քաղցկեղով հիվանդ երեխաների մահացության ցուցանիշը:
Նշենք, որ մանսագետներն այսօր հայտարարեցին, որ 2007 թվականի համեմատ երեխաների շրջանում չարորակ նորագոյացությունների տարածվածությունը Հայաստանում նվազել է: Հիվանդացության նվազումից բացի, մոտ 18 տոկոսով կրճատվել է նաև մահացության ցուցանիշը:
Գ. Բադալյանի խոսքերով` լեյկեմիայի ժամանակ առողջացման ցուցանիշը, ապրելիության հավանականությունն ավելի բարձր է, քան սոլիդ ուռուցքների ժամանակ, որոնք քիմիաթերապիայից բացի պահանջում են նաև վիրահատական միջամտություն և ճառագայթային բուժում:
«Կան ուռուցքներ, որոնք ագրեսիվ են, կամ երեխայի մոտ քաղցկեղը հայտնաբերվել է 4-րդ փուլում: Այդ դեպքերում ավելի դժվար է լինում բուժել երեխային Հայաստանում, քանի որ լիարժեք բուժման համար անհրաժեշտ է բարձր դոզայով քիմիաթերապիա, որը ավարտվում է ոսկրածուծի կամ ցողունային բջիջների փոխպատվաստմամբ: Երբ Հայաստանում ներդրվի ոսկրածուծի փոխպատվաստման մեթոդը, այդ ժամանակ երեխաների ապրելիության ցուցանիշը ավելի կբարձրանա»,- ասաց Գ.Բադալյանը:
Նա միաժամանկ նշեց, որ ուշ ախոտորոշման պատճառը բժիշկների կամ ծնողների անտարբերությունը չէ, պարզապես երեխաների մոտ հիվանդությունը շատ արագ է զարգանում: Ըստ նրա` հայ ծնողները շատ պատասխանատու են իրենց երեխաներին վերաբերվող հարցերում, և, նկատելով թեկուզ աննշան թվացող որևէ երևույթ, անհապաղ դիմում են բժիշկներին:
«Արյունաբանության ազգային կենտրոնի» մանկական բաժանմունքի վարիչ Լալա Վաղարշակյանը տեղեկացրեց, որ արյունաբանական կենտրոնում ներկայումս իրականացվում են վերանորոգման և ոսկրածուծի փոխպատվաստման կենտրոնի ստեղծման աշխատանքներ: Նրա խոսքերով` 2016թ-ին, հավանաբար, կենտրոնը կբացվի;
Լալա Վաղարշակյանի խոսքերով` ոսկրածուծի փոխպատվաստումը թանկ բուժում է պահանջում, սակայն կարծում է, որ կգտնվեն հովանավորներ, որոնք կաջակցեն մեր երկրում փոխպատվաստման իրականացման հարցում, քանի որ կան հիվանդներ, որոնց բուժման միակ տարբերակը ոսկրածուծի փոխպատվաստումն է: «Այսօր ունենք 40 հիվանդ, որոնց կատարվել է ոսկրածուծի փոխպատվաստում արտերկրում, բայց ոչ բոլորի համար է դա մատչելի»,- ասաց նա` հավելելով, որ մոտ 50 երեխայի տարեկան անհրաժեշտ է ոսկրածուծի փոխպատվաստում, ինչի արդյունքում դատապարտված հիվանդները ապրելու շանս կունենան:
«Մուրացան» հիվանդանոցային համալիրի քիմիաթերապիայի կլինիկայի ղեկավար Սամվել Դանիելյանն էլ նշեց, որ ոսկրածուծի փոխպատվաստումը խնդիր է ամբողջ աշխարհում:
«Ոսկրածուծի փոխպատվաստումը չի տալիս այն անմահական ջուրը, որը կենդանություն է բերում: Այն հսկայական գումարները, որոնք հատկացվում են, ամենևին չեն ապահովում կատարյալ առողջացում»,- ասաց նա:
Այդուհանդերձ, նա հույս հայտնեց, որ կենտրոնի բացումից հետո քայլ առ քայլ կհասնենք 90-95 տոկոսի առողջացման ցուցանիշի:
Նախորդող հրապարակում`
Հայաստանում քաղցկեղով հիվանդ երեխաների 70 տոկոսը լիակատար բուժվում են
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա