«Բարեկամությունը ցանկացած հարցի լավագույն ուղին գտնելու մեջ է». Դավիթ Ուսուպաշվիլի
«Մեր բանակցությունները բարեկամական հարաբերությունների մասին էին: Մենք նաև կանխորոշեցինք հետագա մեր անելիքները բարեկամական խմբերի առումով, Կարծում եմ՝ ապագայում ավելի ծրագրավորված կաշխատեն բարեկամական խմբերը: Առավել ևս, կարծում եմ, հասրակությանը հետաքրքրում է, որ Հայաստանը դեպի Եվրասիական Տնտեսական Միություն է գնում, Վրաստանը՝ Եվրոպա: Այս հանգույցում մենք տեսնում ենք նաև որոշակիորեն լուսավոր կետեր, որ մենք կկարողանանք համատեղ՝ մեկս մյուսին նպաստելով, մեր բարեկամական մթնոլորտի և մեր տնտեսական իրավիճակները համադրելով, այս իրավիճակում ավելի խորացնել մեր երկու պետությունների բարեկամությունը»,- Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի հետ փակ դռների հետևում կատարած բանակցություններից հետո լրագրողներին հայտնեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
ՀՀ ԱԺ նախագահը նշեց նաև, որ ինքը բնական է համարում, որ հայ-վրացական փոխհարաբերությունները միակողմանի շահերի հիման վրա չեն կարող լինել, սակայն նրա խոսքերով՝ երկու խարհրդարաններն իրենց ջանքերը կներդնեն, որպեսզի ստեղծվեն պայմաններ ցանկացած խնդիր քննարկելու առարկա դարձնելու ուղղությամբ: «Եվ այս ճանապարհով կկարողանանք էլ ավելի խորացնել հայ-վրացական բարեկամական հարաբերությունները»,- հավելեց Սահակյանը:
«Ինձ և իմ կոլեգաների համար պատիվ է Հայաստանում հյուրընկալվելը»,- ասաց Վրաստանի խորհրդարանի նախագահը՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ ԱԺ նախագահին հրավերի համար:
«Մենք Վրաստանից եկել ենք, որպեսզի արտահայտենք մեր կամքը՝ ձեզ հետ մեր բարեկամությունը շարունակելու, ինչպես նաև պատրաստակաումթյունը ցանկացած հարցում ձեր կողքին լինելու: Դարեր շարունակ հայ և վրացի ժողովուրդները կողք-կողքի պայքարել են ազատության համար, և այսօր ևս պատրաստ ենք ձեր կողքին լինելու, և կիսում ենք ձեր վիշտը Գյումրիում տեղի ունեցած ողբերգության առիթով»,- ասաց Ուսուպաշվիլին:
Անդրադառնալով տարածաշրջանում անվտանգության հարցերին՝ Վրաստանի խորհրդարանի նախագահը նշեց.«Մենք քննարկեցինք տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և համակարծիք ենք, որ տարածաշրջանում պետք է լինեն միայն բարեկամության վրա հիմնված հարաբերություններ, որ սպառազինությունը պետք է դադարեցվի, և խաղաղության հասնենք ոչ թե պատերազմի ու զենքի միջոցով, այլ բանակցությունների ճանապարհով»:
Ինչ վերաբերում է Հայաստանի և Վրաստանի որդեգրած ինտեգրացիոն տարբեր ուղիներին, Ուսուպաշվիլին ասաց.«Մենք համաձայնության եկանք նաև այն հարցի շուրջ, որ բարեկամ լինելը չի նշանակում միշտ նույն դիրքորոշման լինել: Բարեկամությունը նշանակում է ցանկացած հարցի բարեկամական հարաբերությունների մեջ վճռում: Բարեկամությունը ցանկացած հարցի լավագույն ուղին գտնելու մեջ է: Եվ Հայաստանի ընտրած եվրասիական ուղին, իսկ Վրաստանի ընտրած դեպի ԵՄ ուղին չպետք է խոչընդոտ հանդիսանան մեր երկու երկրների հարաբերություններում: Ընդհակառակը, մենք պետք է կարողանանք դրանք օգտագործել ի շահս մեր ժողովրդի, մեր երկրների»,- շեշտեց նա:
Անդրադառնալով խորհրդարանական համագործակցությանը՝ Վրաստանի խորհրդարանի ղեկավարը նշեց, որ երկու խորհրդարանական խմբերի միջև արդեն գոյություն ունեն աշխատանքային հարաբերություններ, որոնք կաշխատեն կոմիտեների մակարդակով: Դրանք, ըստ Ուսուպաշվիլիի, կընտրեն ոլորտային ուղղություններ, և առաջացող հարցերը կքննարկվեն արդեն ոլորտային խմբերում:
«Մեկ անգամ ևս ողջունում եմ հայ ժողովրդին, ցանկանում եմ բոլոր խնդիրներին արագ լուծումներ, արագ, առանց պատերազմի խաղաղ լուծում, և բարեկեցություն բոլորին»,- իր խոսքն ավարտեց Վրաստանի խորհրդարանի նախագահը: