Լ. Հովսեփյան. Նախագահի որոշումը Թուրքիայի սպառված քաղաքականության ու դրսևորած ապակառուցողական վարքագծի պատասխանն է
Հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու մասին նախագահի որոշումը Թուրքիայի սպառված քաղաքականության ու դրսևորած ապակառուցողական վարքագծի պատասխանն է: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց թուրքագետ Լևոն Հովսեփյանը` հավելելով, որ նախագահի այս քայլն ամբողջությամբ տեղավորվում է այն գործընթացի տրամաբանության մեջ, որ մինչև օրս կար:
«Նախագահ Սարգսյանը մի քանի անգամ հստակ նշել էր, որ հայ-թուրքական հարաբերությունների գործընթացում չի բացառվում խորհրդարանից արձանագրությունները հետ կանչելու հնարավորությունը, քանի որ Թուրքիայի վարքագիծը, քաղաքականությունը այլ քայլի տեղ չեն թողնում, և դա ազդակ էր ուղղված ինչպես Թուրքիային, այնպես էլ` միջազգային հանրությանը, որն այս ողջ ընթացքում գործընթացի խթանմանը միտված որևէ էական քայլ չարեց: Հատկապես Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ սպասված այդ որոշումը ժամանակի, գործընթացների առումով բավական հստակ է և հաշվարկված, ինչը համարժեք է նաև համահայկական հռչակագրի ոգուն: Թուրքիայի, մեղմ ասած, ապակառուցողական կեցվածքը, նախապայմանների առաջադրման շարունակական քաղաքականությունը հայկական կողմին լիարժեք հնարավորություն տվեց գործելու նման կերպ: Հայաստանն ապացուցեց, որ իր համար զգայուն և բարդ հիմնախնդիրների հարցով կարող է գնալ համարձակ քայլերի` հավատարիմ մնալով գործընթացի հիմքում դրված տրամաբանությանն ու սկզբունքայնությանը»,-ասաց նա:
Հովսեփյանի խոսքով, Թուրքիան այս ողջ ընթացքում իր քաղաքականությունը կառուցել է հայ-թուրքական գործընթացները տապալելու սկզբունքով, ուստի ողջ պատասխանատվությունը Թուրքիայինն է, ինչը հասկանալի, ընկալելի է նաև միջազգային հանրության համար. «Հայկական կողմը ողջ գործընթացի ընթացքում պահպանել է իր հաստատակամությունն ու արժանապատվությունը: Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնայների շուրթերից վերջին շրջանում կեղծավորության, ժխտողականության ու թշնամանքի լեզվով արված «ձեռքմեկնումներին» անհրաժեշտ պատասխան էր և սրանով Հայաստանը զրկեց Թուրքիային հնարավոր շահարկումների հնարավորությունից ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան