Ստեփան Մարգարյանը հուսով է, որ էլ չեն լինի ԲՀԿ-ն լքող պատգամավորներ
Այսօր տեղի ունեցավ ԲՀԿ խորհրդի արտահերթ նիստը: Նիստից հետո ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը լրագրղների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ եղել է աշխատանքային խորհրդակցություն և անիմաստ է ամեն ինչ հրապարակել: Նրա խոսքերով՝ նիստին կազմակերպական հարցեր են քննարկվել:
«Այն ինչ հայտարարել ենք, ուժի մեջ է, ամսի 20-ին գնում ենք հանրահավաքի: Եթե այդ ընթացքում ինչ-որ այլ միջադեպեր լինեն, մենք իրավիճակին համահունչ շատ արագ որոշում կկայացնենք»,- ասաց Մարգարյանը:
Լրագրողների հարցին, թե արդյոք հնարավոր է բոլոր ԲՀԿ-ականները վայր դնեն իրենց մանդատները, Մարգարյանն ասաց. «Եկեք ես նախապես ոչինչ չասեմ, ոչ: Նման բան չի քննարկվել»:
Ինչ վերաբերում է ԲՀԿ շարքերը լքած կամ լքել պատրաստվողներին, Մարգարյանը նշեց, որ ինքը ոչինչ ասել չի կարող. «Ժողովուրդն է տալիս գնահատականը ով ինչ անում է»:
Հարցին, թե կա՞ն էլի պատգամավորներ, որ կլքեն ԲՀԿ-ն, Մարգարյանը շատ լակոնիկ պատասխանեց՝ «Հուսով եմ՝ չէ»:
ԲՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր Վահան Բաբայանն էլ նշեց, որ ԲՀԿ առաջնորդին մանդատից զրկելու պարագայում իրենք քննարկել են տարբերակներ նստացույցի և անգամ հացադուլի անցնելու:
«Բայց դա ընդամենը քննարկված տարբերակներից են: Մենք ունենք նամակ ԱԺ նախագահից, որը լրացուցիչ պարզաբանումների հետ է կապված: Նամակագրական այդ պատասխաններից հետո մենք լրացուցիչ կտեղեկացնենք՝ ինչ է կատարվում»,- ասաց Բաբայանը:
Նամակագրության բովանդակությանը Բաբայանը նախընտրեց չանդրադառնալ:
«Արագած Ախոյանն այս պահին միակ պատգամավորն է, որ դիմում է գրել ԲՀԿ-ից դուրս գալու համար: Մնացած ինֆորմացիաներն ապատեղեկատվություն են»,- ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավորը՝ հավելելով, որ բացասաբար է վերաբերվում Ախոյանի հեռանալուն:
«Քաղաքական թիմը չի կարելի է լքել ծանրագույն պահերին»,- հայտարարեց Բաբայանը:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են