Սոնա Հովհաննիսյան. Խմբերգային երաժշտությունը Հայաստանում ծաղկուն շրջան է ապրում
Այսօր Կամերային երաժշտության տանը կկայանա «Հովեր» պետական կամերային երգչախմբի նոր՝ թվով 7-րդ ձայնասկավառակի շնորհանդես-համերգը: «Հովեր»-ի այս ձայնասկավառակը մեկտեղում է Կոմիտասի, Սյունիի, Սայաթ-Նովայի, Վ. Մանուկյանի, Ա. Ոսկանյանի, Ս. Բոյաջյանի, Ա. Բոյամյանի, Ս. Աղաջանյանի, Էդ. Հովհաննիսյանի, Տ. Մանսուրյանի, Դ. Հալաջյանի, Ա. Ավանեսովի, Ա. Ղազարյանի, Ե. Երկանյանի, Ս. Երկանյանի, Ա. Ազիզյանի, Վ. Աճեմյանի, Վ. Շարաֆյանի ոսկեհյուս խմբերգային ստեղծագործությունները:
Անսամբլը ստեղծվել է 2012 թվականին:
«1992 թվականից սկսած՝ մեր ստեղծագործական գործունեության ընթացքում, կատարում ենք այս կոմպոզիտորների աշխատանքները: Այս ձայնասկավառակում մենք ներկայացնում ենք ամեն հեղինակից մի բեկոր, որպեսզի ընդհանուր ներկապնակը տեսանելի լինի: Իհարկե, պետք էր ընդգրկել նաև այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ, սակայն ձայնասկավառակում արդեն տեղ չկար, մնացածն երկրորդ, երրորդ սկավառակների նյութ կլինի»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հովեր» պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար, արվեստի վաստակավոր գործիչ Սոնա Հովհաննիսյանը:
Խոսելով «Հովեր-անսամբլի» հունվարյան շրջագայության մասին (Ֆրանսիա, Էստոնիա, Ռուսաստան) նա ասաց. «Մեր մենակատարն է օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի լավագույն երգիչ Լիպարիտ Ավետիսյանը: Նրա համագործակցությունը մեր անսամբլի հետ լուրջ բեկում մտցրեց և լուրջ արդյունքների ենք հասնում: Հետագայում էլ աշխատելու ենք այս կազմով»:
Ինչ վերաբերում է խմբերգային երաժշտությանը, Ս. Հովհաննիսյանն ասաց, որ այս ասպարեզն այսօր Հայաստանում ծաղկուն շրջան է ապրում, բացի պետական երեք երգչախմբից` Երևանի կամերային երգչախումբ, Հայաստանի պետական կամերային երգչախումբ և «Հովեր», կան այլ երգչախմբեր էլ, որոնք ակտիվ գործունեություն են ծավալում:
«Ունենք հրաշալի խմբավարներ, ովքեր լուրջ գործ են անում այս ասպարեզում, մեծացնում են այն սերունդը, որը պետք է վաղը համալրի պետական կարևորագույն երգչախմբերի կազմերը: Նախկինում այս գործընթացը կաղում էր: Այսօր արդեն ունենք խմբավարների ասոցիացիա, որը լուրջ գործունեություն է ծավալում մարզերում՝ դաշտը համախմբելու, խմբերգային երաժշտությունն ամբողջ Հայաստանով մեկ սփռելու ուղղությամբ»,- ասաց նա՝ հավելելով, որ խմբերգային երաժշտությունը միավորող ասպարեզ է, ինչը շատ կարևոր է Հայաստանի համար:
«Այն բարեկրթությունը, որը բերում է խմբերգային արվեստը, որևէ այլ բանով փոխարինել չի լինում»,- ընդգծեց Ս. Հովհաննիսյանը:
Խմբերգային երաժշտության համերգները, ըստ նրա, հանդիսատեսի պակաս չեն ունենում. «Հավատացեք, չեմ հիշում մեր երևանյան համերգներից գոնե մեկը, որ հանդիսատեսի պակաս է եղել: Մեր ժողովուրդն ուզում է լսել դասական երաժշտություն: Չեմ ասում՝ տոմս չի մնում, բայց դրան էլ կհասնենք: Չէ որ ապագան սկսվում է այսօր: Այս տրամաբանությամբ եթե ապրենք, մեր հերթին հանդիսատեսին չհիասթափեցնենք ցածրորակ համեգներով, ամեն ինչ շատ լավ կլինի»:
Միաժամանակ հավելեց, որ Հայաստանում ունկնդիր դաստիարակելու, կրթելու խնդիր կա:
Ս. Հովհաննիսյանի խոսքով, Հայաստանում բավականին շատ են դասական երաժշտության համերգները, մարդիկ չեն հասցնում բոլոր համերգներին ներկա լինել:
«Այն կոչերը, որ անընդհատ լսում ենք, թե մշակութային կյանքն անկում է ապրում, ասում են այն մարդիկ, ովքեր համերգասրահներ չեն հաճախում, չգիտեն, թե ինչ է կատարվում»,- ասաց Ս. Հովհաննիսյանը: