Քանդակագործ. «Մի հարց էլ Արմեն Աշոտյանին տամ»
«Ոչ թե գաղափարների պայքար է ընթանում մեր քաղաքական դաշտում, այլ անձերի իշխանության»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր Արշակ Սադոյանը:
Նրա խոսքով, վերջին երկու տարում պայմանավորվածություն կար՝ քաղաքական դաշտից դուրս մղել բոլոր այն քաղաքական ուժերին, ովքեր ի սկզբանե չեն մտել նույն համաձայնությունների շրջանակ՝ ՀՀ-ում ձևավորել երկու հզոր կուսակցություն՝ ՀՀԿ և ԲՀԿ. «ԲՀԿ ղեկավարները և նրան ուղղորդողներն ավելին պահանջելու կուրս բռնեցին: Եվ երբ ավելին պահանջելու հարց ծագեց, ՀՀԿ-ն հասկացավ, որ երկրորդ կուսակցությունն այսպես թափ կհավաքի և որոշեց խփել գլխին: Հաջողությամբ արվեց»:
Ըստ Սադոյանի, այս գործընթացի մեխը դրվեց այն ժամանակ, երբ սկսեցին խոսել սահմանադրական բարեփոխումների մասին:
Ասուլիսին ներկա ազգագրագետ Հրանուշ Խառատյանն էլ նախ նշեց, որ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի քաղաքական, վարքային, անձնային դիրքորոշումներում մեծ տարբերություն չի եղել, երկրի համար կարևորագույն բոլոր հարցերում համատեղ և միաձայն են քվեարկել. «Առաջիկայում ՀՀԿ-ին Ազգային ժողովում ձայների բացարձակ վերահսկիչ փաթեթ է անհրաժեշտ, ոչ թե համաձայնողական վերահսկիչ փաթեթ: Կարծում եմ՝ սրա համար էլ արվեց այս ամենը»:
Քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանն էլ նշեց, որ աթոռի պատերազմ է, իսկ արդյունքում տուժում է ժողովուրդը: Ըստ նրա, Գագիկ Ծառուկյանը երբեք այդ քայլին չէր գնա, եթե չունենար իր հետևում կանգնած այն ուժերը, որոնք հրում են իրեն. «Պարոն Օսկանյանին մի հարց եմ ուզում տալ. մի քանի տարի առաջ մարտի մեկ տեղի ունեցավ, գնդակահարողների մեջ իրենք էին, ճգնում էր բացատրել, որ ճար չկար: Այդ ժամանակ ժողովուրդն ուզում էր մեկ օր առաջ իշխանափոխություն, ուրիշ ոչ մի բան: Զոհվեց տասը հոգի: Ի՞նչ պատահեց, որ ինքն այսօր հակառակ ճամբարում է, ինքն ի՞նչ է ուզում: Մի հարց էլ Արմեն Աշոտյանին տամ. քանի՞ տարի էր պետք Աշոտյանին, որպեսզի հասկանար, որ Ծառուկյանը «Վարդանանքը» չի կարդացել: Մյուս հարցը՝ չգիտի՞, որ իր խմբում կան մարդիկ, ովքեր «Պույ-պույ մկնիկն» էլ չեն կարդացել»:
Նա դիմեց ժողովրդին՝ խնդրելով չգնալ ցնցումների, զգույշ լինել, գործին մոտենալ մտքով, ոչ թե կրքով. «Սա վտանգավոր խաղ է, դրսից եկող խաղեր են: Գտնում են թույլ տեղն ու սկսում»:
Ֆ. Առաքելյանը հաշտության կոչ արեց, քանի որ հակառակ գործընթացը, ըստ նրա, ժողովրդին ոչ մի բան չի տալու. «Եթե մի տեղ կան Լևոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, լավ բան մի սպասեք: Դրանք կորցրել են ազգային կերպարները: Վերջ: Ժողովուրդը դա պետք է իմանա: Դրանք չարիք են այս ազգի համար»: