Հայ վարպետների ստեղծած արհեստը Թուրքիայում անհետացման եզրին է
Թուրքիայում հնուց ի վեր թիթեղագործությամբ զբաղվել են հայ ու սիրիացի վարպետները: Ավելին, հայտնի է, որ նշյալ արհեստը հենց հայերն են ստեղծել: Թուրքիայում հատկապես հայտնի են եղել Ադանայի «Կաթսայագործների շուկայի» (Kazancılar çarşısı) տարածքում արհեստանոցներ ունեցող հայ թիթեղագործները, որոնց շնորհիվ այսօր այդ տարածքը հայտնի է որպես հայկական շուկա: Այս մասին գրում է թուրքական «yuksekovahaber.com» լրատվականը:
1915թ. Հայոց ցեղասպանության պատճառով մյուս հայ արհեստագործները նման թիթեղագործ վարպետները ևս ստիպված եղան ամենը թողնել իրենց արաբ ու թուրք աշակերտներին և հեռանալ: Հայտնի է սակայն, որ 1956թ. Ադանայում դեռ կար 15 թիթեղագործ, բայց նրանք ևս հետագայում հեռացել են: Այսօր այդ արհեստը գրեթե մոռացման եզրին է` պահանջարկի և վարպետների բացակայության պատճառով:
Այսօր Ադանայի շուկայում թիթեղագործությամբ զբաղվող երկու վարպետ կա միայն: Նրանցից մեկը 83-ամյա Ջաբբար Յարաշըրը, արդեն 65 տարի է, ինչ այս մասնագիտությամբ է ապրուստ վաստակում: Նրա վկայությամբ` նախկինում Ադանայում 200-ից ավելի թիթեղագործներ կային, և բոլորը միշտ ծանրաբեռնված աշխատում էին, քանի որ մարդիկ հիմնականում երկաթե և պղնձե տարաներ էին օգտագործում:
Այսօր, տեխնոլոգիայի զարգացման պայմաններում, թիթեղագործի կարիք արդեն գրեթե չի զգացվում: Մյուս վարպետը 66-ամյա Ալի Գյուզելօղլուն է, ով հաստատում է, որ թիթեղագործությունն իրեն սովորեցրել են հայ վարպետները: Նա արդեն 40 տարի զբաղվում է այդ արհեստով: Վարպետը բողոքում է, որ երիտասարդներն այլևս չեն հետաքրքրվում թիթեղագործությամբ, իսկ եթե երբեմն հայտնվում է աշակերտել ցանկացող մեկը, ապա առաջին հերթին վարձի մասին է հարցնում:
Գյուզելօղլուն համոզված է, որ Թուրքիան պետք է այդ անհետացող մասնագիտությունը պահպանելու համար միջոցներ ձեռնարկի, ինչպես որ դա արվում է ասենք Եվրոպայում մոռացության վտանգի տակ հայտնված մասնագիտությունների պահպանության համար: