Ամերիկյան հեռուստաընկերությունն Օբամային շփոթել է բռնաբարության մեջ կասկածվողի հետ (Տեսանյութ)
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի լուսանկարը պատահաբար հայտնվել է ամերկիկյան «Fox 5 San Diego» հեռուստաընկերության եթերում` բռնաբարության մասին պատմող ռեպորտաժի ժամանակ։ Այս մասին հայտնում է «Լենտա.ռու» կայքը, վկայակոչելով տեղական լրատվամիջոցները։
Նշվում է, թե եթերային միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 13-ի երեկոյան բռնաբարության պատմության մասին պատմող ռեպորտաժի ժամանակ։ Այն պահին, երբ հաղորդավարը խոսել է հանցագործության միակ կասկածյալի մասին, կադրում հայտնվել է նախագահ Օբամայի լուսանկարը, «ոչ մի մեղադրանք» գրությամբ։
Հեռուստաընկերության լուրերի խմբագիր Մայք Վիլեն խոստովանել է, որ տեղի ունեցածն իր աշխատակիցների սխալն է եղել և բացառել է դիտավորության վարկածը։ Պատասխանելով հարցին, թե ինչու հեռուստաընկերությունն այդպես էլ ներողություն չի հայտնել կատարվածի համար, Վիլեն ասել է, թե իրենց հաղորդավարները սովորաբար չեն կենտրոնանում աննշան թյուրիմացությունների վրա, և որ բացի այդ, եթերի ընթացքում և դրանից հետո որևէ մեկը բողոքով չի դիմել իրենց։