«Ձնեմարդուկ-2015». Ջերմուկը կպատվի ձնե քանդակներով
Փետրվարի 20-22-ը Ջերմուկում կանցկացվի «Ձնեմարդուկ-2015» փառատոնը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ համանախագահ Վազգեն Գալստյանը:
«Ձմռան ամիսներին Ջերմուկում շատ թույլ է զարգացած տուրիզմը: Փորձեցինք փառատոնի միջոցով զարգացնել զբոսաշրջությունը, միաժամանակ նպաստել Հայաստանում ձմեռային մարզաձևերի տարածմանը»,- ասաց նա՝ հավելելով, որ ձմեռային զբոսաշրջությունը չի սահմանափակվում դահուկներով, սահնակներով, Snowbord-ով սահելով, փառատոնով ցույց են տալու, որ ձմեռային հետաքրքրություններն իրականում բազմազան են:
Վ. Գալստյանը նշեց, որ փառատոնային ծրագրի առանցքային միջոցառումը ձնե քանդակների պատրաստումն է:
Մասնակիցներից նկարիչ-քանդակագործ Սուրեն Խորենյանն ասաց, որ այս տարի քանդակների պատրաստմանը կմասնակցեն քանդակագործների չորս մասնագիտացված թիմ և սիրողական շուրջ 80 թիմ:
«Գեղեցիկ փառատոն է, ուրախ եմ, որ ձնե քանդակների մշակույթը վերջապես և հիմնովին մտնում է մեր հայոց աշխարհ: Մեր աշխարհագրական դիրքը թույլ է տալիս զարգացնել այս գեղեցիկ մշակույթը: Աշխարհում վաղուց ընդունված է: Ակնկալիքներ ունենք, որ ժամանակի ընթացքում մեջ փառատոնը կդառնա միջազգային»,- ասաց նա:
Սիրողական հեծանվային սպորտի և հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիայի նախագահ Արման Անտոնյանն ասաց, որ փառատոնի ընթացքում նախատեսված է նաև Մարզային հեծանվային գավաթ II-ը:
Տեղեկացվեց, որ փառատոնի ընթացքում նախատեսված են ձմեռային արշավներ դեպի Ջերմուկի Ջրահարսի վարսեր ջրվեժ, Skyball օդապարիլի թռիչքներ, «Կարին» ավանդական երգի և պարի համույթի կողմից կանցկացվեն պարի դասընթացներ, ինչպես նաև կլինեն սառցեմագլցման, դահուկ քշելու դասընթացներ և այլ միջոցառումներ:
Ջերմուկի երիտասարդական «Ձնեմարդուկ» փառատոնն առաջին անգամ անկացվել է 2012 թվականին «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով նպաստել Ջերմուկում ձմեռային տուրիզմի զարգացմանը: Փառատոնը միտված է զարգացնելու ձմեռային զբոսաշրջությունն առհասարակ Հայաստանում:
Էկոնոմիկայի նախարարության Տուրիզմի վարչության պետ Մեխակ Ապրեսյանը կարևորեց փառատոների անցկացումը զբոսաշրջության զարգացման տեսանկյունից: Կոնկերտ այս փառատոնի վերաբերյալ նա ասաց, որ երկարացնում է ձմեռային զբոսաշրջային սեզոնը, նպաստում է ոչ միայն հյուրընկալող, այլ շրջակա համայնքներում առկա ռեսուրսների բացահայտմանը: Մ. Ապրեսյանը նշեց, որ փառատոների անցկացման շրջանակում տեղի է ունենում պետություն-մասնավոր հատված լայն համագործակցություն, որը նույնպես շատ կարևոր է:
Հիշեցում՝ ձմռանը դեպի Ջերմուկ ճանապարհները երբեք փակ չեն լինում: Կազմակերպիչների խոսքով, փառատոնի ընթացքում Ջերմուկում հյուրանոցների գները զեղչված են լինելու: