Հենրիխ Մխիթարյան. «Շախտյորից» հարձակողական խաղ եմ սպասում»
Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով ժամանակին հանդես է եկել «Շախտյորում», դոնեցկյան թիմից հարձակողական խաղ է ակնկալում «Բավարիայի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում:
«Շատ հաճելի է, որ ինձ չեք մոռանում,- պատասխանել է Մխիթարյանը «Շախտյորի» մամուլի ծառայության աշխատակցի զանգին:- Ես նույնպես հիշում եմ իմ նախկին թիմին: Հետևում եմ թիմի ելույթներին ինչպես ներքին առաջնությունում, այնպես էլ միջազգային ասպարեզում: Հենց նոր դիտեցի սյուժե այն մասին, թե ինչպես են տղաները պատրաստվում «Բավարիայի» հետ հանդիպմանը:
Առաջին՝ յուրաքանչյուր խաղ սկսվում է 0:0 հաշվից: Վստահ եմ, որ Միրչա Լուչեսկուի սաները մյունխենցիներին հաղթելու բոլոր հնարավորություններն ունեն: «Շախտյորը» գերազանց թիմ է ու լավ կատարողներ ունի: Գումարած դրան՝ «Բավարիան» այս տարի այնքան էլ հաջող չի մեկնարկել:
Բայց, ամեն դեպքում, «Բավարիան» «Բավարիա» է մնում: Եթե «հանքափորները» խաղան այնպես, ինչպես կարողանում են, մյունխենցիները հաստատ շատ խնդիրներ կունենան:
«Բավարիան» շատ անկանխատեսելի թիմ է: Ի սկզբանե չես կարող ասել, թե ինչպես կգործի, ինչպիսի մարտավարություն կկիրառի: Դա այն բանի հետևանք է, որ թիմում ընդգրկված բոլոր 22 ֆուտբոլիստները հավասարազոր են:
«Շախտյորն» ունակ է տխրեցնել Նոյերին: Տեխնիկապես գրագետ բրազիլացիներն ամեն ինչ արժեն: Այո, Նոյերն աշխարհի ուժեղագույն ֆուտբոլիստներից մեկն է: Բայց առաջին հերթին նա մարդ է, այնպիսին, ինչպիսին մենք բոլորս ենք:
«Շախտյորից» հարձակողական խաղ եմ սպասում: Այն բոլոր տարիներին, երբ հանդես եմ եկել այդ թիմում, նաև այսօր դոնեցկցիները հրաշալի յուրահատկություն ունեն. սովոր չեն լինել երկրորդ համարը: Ուստի հույս ունեմ, որ տղաները կցուցադրեն իրենց խաղը»: