Արձանագրությունների հետկանչի մասին Hurriyet-ի լուրի առիթով ընթերցողների թողած մեկնաբանությունները
Երեկ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ՀՀ Ազգային ժողովից հայ-թուրքական արձանագրությունների հետկանչի մասին լուրը լայնորեն արծարծվում է թուրքական լրատվամիջոցներում: Տարատեսակ քննարկումներ ու մեկնաբանություններ ծավալվում են նաև շարքային քաղաքացիների շրջանում: Ստորև ներկայացնում ենք Թուրքիայի առաջատար թերթերից մեկի՝ Hurriyet-ի ընթերցողների առավել ուշագրավ կարծիքներն ու մեկնաբանությունները, որոնք նրանք գրառել են թերթի կայքում հրապարակված արձանագրությունների հետկանչի մասին լուրի տակ:
Makbule Erten
Դեռ ստորագրման օրն էր պարզ, որ արձանագրություններն ուժի մեջ չեն մտնի: Ստորագրման արարողությունը 3 ժամ ուշացումով կայացավ և միայն ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Շվեցարիայի ու ԵՄ-ի արտգործնախարարների պահանջով երկու արտգործնախարարները ստորագրեցին այդ տեքստը: Այն ժամանակ այդ տեքստի տակ ստորագրողները հիմա դրանից բողոքելու իրավունք չունեն:
Ser Janissary
Մեր արտաքին քաղաքականությունն էլ սննկացավ: Դրա պտուղները շուտով կտեսնենք:
Rasim Yildiz
Ժամանակին բոլոր պետական պաշտոնյաները նախագահի հետ միասին գեղեցիկ հարցազրույցներ էին տալիս՝ ասելով, որ շատ լավ բաներ են լինելու: Բայց սա էլ մյուս հաշտության գործընթացների նման դարձավ քաղաքական գործիչների խաղացած ներկայացումների մի մասը:
Ömer Deniz
Իրականում շարունակում ենք դաժանությունը մեր հայ եղբայրների նկատմամբ: Փաստորեն սա մեր երկրի համար նորմալ վիճակ է:
Mehmet Baykal
Թուրքիայի իրական թշնամին Սփյուռք կոչվող, Հայաստանից դուրս գտնվող հայերն են: Քանզի նրանք ավելի հարուստ, ավելի ազդեցիկ ու ավելի շատ են: Հայաստանն էլ ստիպված է լսել նրանց խոսքը:
Ercan Bozkurt
Թող հետ կանչեն, ի՞նչ կա որ: Հայաստանը եթե խելացի պետություն լիներ, Թուրքիայի հետ լավ հարաբերություններին ուշադրություն կդարձներ ու տարածաշրջանում տնտեսական հաջողությունների կհասներ: Տարիներ շարունակ կառչելով Ցեղասպանությունից ու Ղարաբաղից` ապրում են աղքատության մեջ: Ապրելով այն երազանքով, որ այս վեճերից ինչ-որ բան են ձեռք բերելու, իրենց կյանքն անցկացնում են աղքատության մեջ:
Cengiz Cengiz
Հայաստանից ի՞նչ էիք սպասում: Մարդիկ իրենց դպրոցներում երեխաներին թուրքերի նկատմամբ ատելություն են սերմանում:
Müslüm Akkuş
Այս իշխանությունն արտաքին քաղաքականության ո՞ր ուղղությամբ է հաջողություն գրանցել. Սիրիա, Լիբիա, Եգիպտոս, ԵՄ, Հայաստան: Թուրքիայի Հանրապետությունը չպետք է դատապարտված լինի նման իշխանության: