Տուբերկուլոզի բուժման նոր մոտեցումների մասին
Մեկնարկել է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային համաժողովը` նվիրված տուբերկուլոզի հիմնախնդիրներին, հայտնում է ԱՆ մամուլի ծառայությունը:
«Գիտական այս ֆորումը համախմբել է տուբերկուլոզի բուժմամբ զբաղվող տեղական և միջազգային ճանաչված մասնագետների ներուժը, հնարավորություն տվել ներկայացնելու երկրների, այդ թվում Հայաստանի լավագույն փորձը, տուբերկուլոզի բուժման, նորագույն մոտեցումներն ու մոդելները, նոր դեղերի ու սխեմաների կիրառումը, ինչպես նաև տարածաշրջանում առկա` միգրացիայով պայմանավորված խնդիրները: Որքան էլ զարգանում են բժշկագիտությունն ու դեղագիտությունը, տուբերկուլոզը շարունակում է մնալ հանրային առողջապահական հիմնախնդիրներից մեկը»,-ասված է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի ուղերձում:
Երկօրյա համաժողովի բավական խիտ օրակարգում ընդգրկված են ոչ միայն գիտական ու տեսական զեկուցումներ, այլև ժամանակակից բուժման գործնական ցուցադրություններ` տեսաֆիլմերով։
ՀՀ Տուբերկուլոզի ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Հայրապետյանը ներկայացրել է համաճարակային իրավիճակը Հայաստանում, բուժման նոր մեթոդների կիրառումն ու արդյունքները, առկա խնդիրները։
Ողջունելով համաժողովի մասնակիցներին` ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը նշել է, որ յուրաքանչյուր տարի ամբողջ աշխարհում ավելի քան 8-9 մլն մարդ հիվանդանում և 1.4 միլիոն մարդ մահանում է այս հիվանդությունից: Առավել վտանգավոր են տուբերկուլոզի դեղակայուն, մասնավորապես` բազմա և գերդեղակայուն ձևերը:
«Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունն իրականացնում է Տուբերկուլոզի դեմ պայքարի 2007-2015 թվականների ազգային ծրագիրը` կիրառելով բոլոր ոլորտները և միջոցառումները:
Եվրոպական տարածաշրջանում մեր երկիրը հանդես է գալիս գերդեղակայուն տուբերկուլոզի բուժման, նոր սերնդի հակատուբերկուլոզային դեղերի կիրառման, հակատուբերկուլոզային համակարգում ֆինանսավորման նոր մեխանիզմների և հոսպիտալացման նոր չափանիշների ներդրման, հիվանդների ամբուլատոր բուժման տարբեր մոդելների կիրառման լավագույն փորձով: Այդ ամենի արդյունքում Հայաստանում տարեցտարի նվազում են տուբերկուլոզի հիվանդացության և մահացության ցուցանիշները»,-նշել է Վահան Պողոսյանը:
«Բժիշկներ առանց սահմանների» միությունը Հայաստանում գործունեություն է ծավալում 1988 թվականից՝ երկրաշարժից տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով:
ՀՀ առողջապահության նախարարության և «Բժիշկներ առանց սահմանների» միության կողմից կազմակերպված հերթական` 4-րդ համաժողովին մասնակցել են ինչպես մեր, այնպես էլ` ավելի քան 10 երկրից ժամանած շուրջ 140 մասնագետներ, միջազգային փորձագետներ և միջազգային կառույցների ներկայացուցիչներ, այդ թվում` Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանի գրասենյակի, Գլոբալ հիմնադրամի։
2005 թվականից կազմակերպությունը տուբերկուլոզի վերահսկողության ծրագրի շրջանակում սերտորեն համագործակցում է ՀՀ առողջապահության, ՀՀ արդարադատության նախարարությունների և Հայաստանի ազգային տուբերկուլոզի կենտրոնի հետ։ Նպատակն է բարելավել դեղակայուն տուբերկուլոզի (ԴԿ ՏԲ) ախտորոշումն ու բուժումը հատկապես Երևանում, Արմավիրի, Արարատի, Շիրակի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում: Բժիշկներ Առանց Սահմանների կազմակերպությունը 1999 թվականից աջակցում է նաև Ղարաբաղում իրականացվող ԴԿ ՏԲ ծրագրին:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա