Տեր Վահրամ. Մեծ պահքին ընդառաջ արտասովոր աշխուժություն է տիրում
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար, Տեր Վահրամ քահանա Մելիքյանն ուրախալի է համարում, որ հասարակության մեջ պահքի նկատմամբ ուշադրությունը տարեցտարի աճում է: Նրա գնահատմամբ, Մեծ պահքին ընդառաջ արտասովոր աշխուժություն է տիրում:
«Տղամարդ, թե կին, երիտասարդ, թե տարեց, հիվանդ, թե առողջ, մկրտված և անգամ չմկրտված սկսում են առանձնակի հետաքրքրությամբ հետևել Մեծ պահքին: Այդ խանդավառության մեջ, անշուշտ, էական և կարևոր է պահքի իրական հոգևոր խորհրդի ընկալումը, որի ամբողջական գիտակցումն ու գործադրումն ակունք է շնորհալի և օրհնյալ կյանքի` յուրաքանչյուրի համար: Պահքն ուղղակի գեղեցկության համար կամ առողջական նկատառումներով չէ, որ հաստատվել է Եկեղեցու հայրերի կողմից: Այն նկատվել է որպես պատվական, կարևոր և օգտակար հոգևոր պարտականություն, որը քրիստոնյան, բացառությամբ որոշ պարագաների, ՊԵՏՔ է, հավատարիմ հաստատված կարգի, կանոնավոր իրագործի իր կյանքում: Մեծ կարևորություն են ընծայել պահքին Եկեղեցու հայրերը` մշտապես ընդգծելով հոգևոր կյանքի համար նրա օգտակարությունը և պահեցողության մեծ զորությունը, որ պտղաբերում է բազում առաքինությունների բացահայտմամբ, ինքնազննմամբ ու ներքին մարդու վերափոխմամբ: Պահքը հոգևոր մարտ է և պայքար, որը պսակվում և իմաստավորվում է հարության հույսով:
Քրիստոս իր աշակերտներին ասաց. «Լսեցե´ք և իմացե´ք. ոչ թե` ինչ որ բերանով է մտնում, ա´յն է պղծում մարդուն, այլ ինչ որ ելնում է բերանից` այն է պղծում մարդուն» (Մատթ. 15.10): Մեր հոգին ու աստվածադիր պատկերը պղծվում ու աղարտվում են հոգեսպան մեղսալի սատանայական ներքին մղումներով, «ես»-ի գայթակղիչ ցանկություններին հագուրդ տալու հաճախ անհաղթահարելի թվացող ձգտումներով: Պահքի ողջ նպատակը նախ և առաջ հոգու մաքրումն է մեղքերից, ախտերից, ինչին նպաստում է նաև մարմնավոր պահեցողությունը: Վերջինով տկարացնում ենք արտաքին մարդուն` դարմանելով ու զորացնելով ներքին մարդուն, ապրեցնելով գործած մեղքերից խունացած առաքինություններն ու շնորհները:
Այս ներհակության մասին է խոսում Պողոս առաքյալը` հորդորելով մարմնի ցանկությունը չկատարել, «քանի որ մարմինը հոգու հակառակն է ցանկանում, իսկ հոգին` մարմնի հակառակը» (Գաղ. 5.17): Պահեցողությունն իրականում կերակուր է հոգու համար, որովհետև առիթ է ընձեռում մարդուն ներհայեցողությամբ գնահատել իր կենցաղավարությունը, Աստծու պատվիրանների լույսի ներքո քննել իր կյանքի ընթացքը և սնելով հոգին աղոթքով, ապաշխարությամբ, Ս. Գրքի ընթերցանությամբ ու բարի արարքներով շտկել ուղին դեպի Աստծու ողորմությամբ ոռոգելի ափերը փրկության»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Տեր Վահրամը:
Հիշեցնենք, որ երեկվանից սկսվել է Մեծ Պահքի շրջանը: Այն տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Այս տարի Ս. Հարության տոնը կնշվի ապրիլի 5-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները