«Խոստովանանք»՝ արվեստի լեզվով
Հայաստանի Ազգային պատկերասրահում բացվելու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես, որտեղ ներկայացված են լինելու գեղանկարներ, քանդակներ, գրաֆիկական աշխատանքներ և կիրառական արվեստի նմուշներ:
Panorama.am-ի հետ զրույցում Ազգային պատկերասրահի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անուշ Հակոբյանն ասաց, որ ցուցահանդեսում ներկայացվելու են Հայաստանում և սփյուռքում ապրող ժամանակակից ստեղծագործողների աշխատանքներ, որոնք Ցեղասպանության թեմայով են կամ արվեստագետները Ցեղասպանությունը վերապրածների սերունդ են:
Ներկայացվելու է նաև Ազգային պատկերասրահի հավաքածուից Ուրֆայի ասեղնագործության և Արևմտյան Հայաստանի արծաթագործության նմուշներ:
«Ցուցահանդեսի կոնցեպցիան է՝ անցյալում ապրած վարպետները, ներկայի վարպետները, նրանք, ովքեր իրենց կենսագրությամբ առնչվում են Հայոց ցեղասպանությանը, կամ չեն առնչվում, բայց ունեն Ցեղասպանության թեմայով արված աշխատանքներ, բոլորը միասին արվեստի բոլոր տեսակներով համատեղ իրենց խոսքը, խոստովանանքն են ասում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին»,- ասաց նա:
Ցուցահանդեսում ներկայացվելու են նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուի մաս կազմող բացիկները:
«Ժամանակին տպագրվել են բացիկներ, որոնք իրենց թեմատիկայով, պատկերներով անդրադառնում են Ցեղասպանությանը: Մեր ցուցահանդեսում կներկայացվեն Ցեղասպանության թանգարան-ինստիտուտից բերված մոտ 300 բացիկ, որոնք հետո կրկին կվերադարձվեն»,-նշեց Անուշ Հակոբյանը:
Ըստ Ա. Հակոբյանի, ամենայն հավանականությամբ, ցուցահանդեսում կներկայացնեն նաև աշխարհահռչակ նկարիչների (օրինակ՝ Արշիլ Գորկի) այն գործերի բարձրորակ վերատպություններ, որոնք Ազգային պատկերասրահի հավաքածուում չկան:
Ցուցահանդեսի խորագիրն է լինելու «Խոստովանանք»: Այն կբացվի ապրիլին:
Իսկ ցուցահանդեսի փակմանը, ըստ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի, կկայանա ցուցադրության ալբոմի շնորհանդեսը՝ նշանավորելով այդ մեծ, բազմաբովանդակ միջոցառման փակումը:
Անուշ Հակոբյանը տեղեկացրեց, որ «Խոստովանանք» ցուցահանդեսի բացման հենց նույն օրը Ազգային պատկերասրահում կբացվի ևս մեկ՝ Գրիգոր Աղասյանի՝ Հայոց ցեղասպանության թեմային առնչվող գործերի կամերային ցուցահանդեսը: