Ադրբեջանում արդեն դժգոհություններ են հնչում հայ մարզիկների` Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին մասնակցելու առնչությամբ
Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարար Ազադ Ռահիմովն օրերս հայտարարել է Բաքվում անցկացվելիք Առաջին Եվրոպական խաղերին մասնակցելու համար Հայաստանից ժամանող 30-50 մարզիկների և հայկական պատվիրակության անվտանգությունը բարձր մակարդակով ապահովելու մասին: Ադրբեջանում քննարկում են այն հարցը, թե որքանով է իրենց նպատակահարմար առաջնագծում լարվածության առկայության պայմաններում «հայերին Բաքու հրավիրել», և թե ինչպես կարձագանքի այս ամենին Ադրբեջանի հասարակությունը:
Moderator.az ադրբեջանական կայքի հետ հարցազրույցում հարցին անդրադարձել է նաև ադրբեջանական այսպես կոչված «Ղարաբաղի ազատագրության կազմակերպության» (ՂԱԿ) նախագահ Աքիֆ Նաղին` հայտարարելով, որ հայերին Բաքվում հյուրընկալելը չի տեղավորվում իր տրամաբանության շրջանակներում:
Նա նկատել է, որ ի տարբերություն Ռահիմովի` Ադրբեջանում մի շարք նախարարություններ ու կոմիտեներ այնպես են կազմակերպել իրենց գործունեությունը, որպեսզի պետական մակարդակում անցկացվող որևէ կարևոր միջոցառման հայ ներկայացուցիչներ ներկա չլինեն:
«Մենք Ադրբեջանի հողերը բռնազավթած հայերի` մեր երկիր գալուն, անկախ այն բանից, թե ինչի անվան ներքո է դա արվում, դեմ ենք: Ադրբեջանը չպետք է հնարավորություն տա հայերին մասնակցել առաջիկա օլիմպիական խաղերին: Հստակ կերպով պետք է հայտարարվի` քանի որ Հայաստանը զավթիչ է, նրա ներկայացուցիչների մասնակցությունը միջազգային միջոցառմանը, ինչպես և մեր երկիր գալը, անթույլատրելի է»,- վրդովվել է Նաղին:
Հիշեցնենք, որ դեռևս 2014-ի հոկտեմբերի 9-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը Միջազգային օլիմպիական կոմիտեի ղեկավար Թոմաս Բախը շեշտել էր, որ Միջազգային օլիմպիական կոմիտեի և Եվրոպայի օլիմպիական կոմիտեի կողմից կգործադրվեն բոլոր ջանքերը հայ մարզիկների ու նրանց մարզիչների համար խաղերն ընդունող երկրում` Ադրբեջանում, անհրաժեշտ պայմաններն ապահովվելու ուղղությամբ: Նոյեմբերի 5-ին Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեն Բանգկոկում հայտարարեց, որ Հայաստանը մասնակցելու է Բաքվում անցկացվելիք Եվրոպական խաղերին՝ նկատելով, որ Հայաստանի մասնակցությանը խոչընդոտող խնդիրները լուծված են:
Հավելենք նաև, որ վերոհիշյալ «Ղարաբաղի ազատագրության կազմակերպությունը» հայտնի է միջազգային հնչեղության միջոցառումների ժամանակ հայկական պատվիրակությունների դեմ կազմակերպած բողոքի ակցիաներով ու սադրանքներով:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում