Իրանի ԱԳՆ. Մինչև մարտի վերջ միջուկային խնդրի հարցում պետք քաղաքական փոխըմբռնում տեղի ունենա, այլ ոչ թե համաձայնություն
«Մինչև մարտի վերջ միջուկային խնդրի հարցում պետք քաղաքական փոխըմբռնում տեղի ունենա, այլ ոչ թե համաձայնություն»,-այդ մասին իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ ԱԳՆ մամլո խոսնակ Մարզիե Աֆխամը:
Իրանի արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով մարտի վերջին միջուկային խնդրի հարցում Իրանի և «5+1 խմբի» միջև սպասվող վճռորոշ հանդիպմանը, մասնավորապես նշել է. «Վիեննայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ մենք որոշում կայացրեցինք բանակցությունները շարունակել մինչև հունիս, այնուհետև մեր հետագա հանդիպումների ընթացքում որոշվեց մինչև մարտի վերջ հասնել քաղաքական փոխըմբռնման, որից հետո նոր կծավալվեն մանրամասների վերաբերյալ քննարկումները: Համաձայնությունն ու փոխըմբռնումը տարբեր բաներ են: Վերջնական համաձայնության հասնելու համար պետք է փուլ առ փուլ քաղաքական փոխըմբռնումներ տեղի ունենան»:
Հիշեցնենք, որ իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ամերիկացի դեմոկրատ սենատոր Չարլզ Շումերն, անդրադառնալով միջուկային խնդրի շուրջ Իրանի և «5+1 խմբի» միջև ընթացող բանակցություններին, մասնավորապես նշել է. «Եթե մինչև մարտի 24-ը միջուկային խնդրի հարցում համաձայնություն ձեռք չբերվի, ապա մենք պատրաստ ենք Իրանի նկատմամբ պատժամիջոցները խստացնելուն ուղղված նախագծին կողմ քվերակել»:
Թեմայի առնչությամբ նախորդ հրապարակումները՝
Ամերիկացի սենատորները սպառնում են խստացնել Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները
Ալի Խամենեի. Իրանը ի զորու է դիմագրավել պատժամիջոցներին