ՌԴ գլխավոր դատախազությանը չի ստացել Պերմյակովի գործի վերաբերյալ Կոստանյանի դիմումը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթն անդրադարձել է ՀՀ գլխավոր դատախազության՝ փետրվարի 3-ի տարածած հաղորդագրությանը, որտեղ նշվում էր, որ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը դիմել է ՌԴ գլխավոր դատախազ Յու. Չայկային՝ Պերմյակովի հետ կապված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու վերաբերյալ:
Թերթը նշում է, որ պաշտոնական գրությամբ օրեր առաջ դիմել է ՌԴ գլխավոր դատախազությանը` Հայաստանի գլխավոր դատախազությունից ուղարկված գրության ճակատագիրը պարզելու նպատակով ու ստացել են ՌԴ գլխավոր դատախազության պաշտոնական պատասխանն առ այն, որ նման գրություն իրենք չեն ստացել:
«Ըստ եղած տեղեկությունների՝ Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմիններից հարցում` Պերմյակով Վ.Պ.-ին փոխանցելու և քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունը չի ստացել»,-նշված է եղել «Ժողովուրդ» օրաթերթին ուղարկված պատասխանում: