Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծումն ախտորոշման և բուժման նոր մակարդակ կապահովի. ԱՆ նախարար
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մոտ քննարկվել են Ռադիոիզոտոպների արտադրության և մոլեկուլյար ախտորոշման կենտրոնի ստեղծման գործում առկա հիմնախնդիրները։ Ինչպես հայտնի է, 2014 թվականի դեկտեմբերին ՀՀ կառավարության որոշմամբ Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման երկարաժամկետ ծրագիրը հանձնվել է ՀՀ առողջապահության նախարարությանը։
Ծրագրի առաջին փուլում իրականացվում է Ռադիոիզոտոպների արտադրության և մոլեկուլյար ախտորոշման կենտրոնի կառուցումը։
ԱՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ օրերս կենտրոնի շինհրապարակ կատարած այցելության ընթացքում նախարարը ծանոթացել է շինարարության ինժեներական- մոնտաժային աշխատանքներում առկա խնդիրներին: Դրանց լուծման նպատակով հրավիրված ընդլայնված խորհրդակցության ժամանակ շահագրգիռ կառույցների հետ քննարկվել են օրակարգային խնդիրները, մասնավորապես` ծրագրի ընդունման և հանձնման, տեխնիկական ու կազմակերպական հարցերը, դրանց լուծման ուղղությամբ քայլերը։
Կենտրոնական բանկի խորհրդի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի (նախկին) գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալներ Սերգեյ Խաչատրյանը և Գագիկ Միրիջանյանը, աշխատակազմի ղեկավար Արմեն Կարապետյանը, նախարարության ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև Ռադիոիզոտոպների արտադրության և մոլեկուլյար ախտորոշման կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Յաղջյանը մանրամասն քննարկել են կենտրոնի հետագա կառուցման և սարքավորումներով հագեցման համար անհրաժեշտ բոլոր նախադրյալները։
Նախարարը կարևորել է առկա բոլոր խնդիրների` նախագծային-նախահաշվային, ֆինանսավորման, շինարարական աշխատանքներում առկա խնդիրների և թերությունների գույքագրումն ու դրա հիման վրա լուծման ճանապարհների հստակեցումը։
Արմեն Մուրադյանը հանձնարարել է ձևավորել նոր խորհուրդ` նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանի նախագահությամբ և մինչև շաբաթվա վերջը հրավիրել խորհրդի նիստ` ներկայացնելով աշխատանքային պլան։ Առաջարկվել է խորհրդում ընդգրկել նաև շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ (համաձայնությամբ)։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մինչ այդ առողջապահության նախարարությանը կփոխանցվի կենտրոնի նախագծային-նախահաշվային ողջ փաթեթը։
«Մենք ժամանակի խնդիր ունենք։ 100 % բաժնետոմսերից բացի մեզ պետք է հստակ տեղեկատվություն տրվի նաև առկա բոլոր խնդիրների մասին, որպեսզի հնարավորինս արագ դրանց լուծման քայլեր ձեռնարկվեն»,-ասել է նախարարը` հավելելով, որ Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծումը խիստ կարևոր է Հայաստանի Հանրապետությունում ուռուցքային հիվանդությունների արդյունավետ ախտորոշումը և բուժումը միջազգային չափորոշիչներով իրականացնելու գործում։
Հիշեցնենք, որ կենտրոնում նախատեսվում է կատարել ուռուցքային հիվանդությունների բուժում վիրաբուժական, քիմիաթերապևտիկ, այդ թվում` բարձր դեղաչափային, ճառագայթային, իմունաթերապևտիկ, հորմոնային, ռադիոիզոտոպային, պրոտոնային թերապիայի մեթոդներով և այլն, ինչպես նաև ռադիոիզոտոպների արտադրություն:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա