Միացյալ Նահանգները պատրաստ են հավելյալ ջանքեր գործադրել Հայաստանի հետ համագործակցության զարգացման համար. Վ. Նյուլանդ
Այսօր արգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորիա Նյուլանդին։
Ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատել է Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև հաստատված բարեկամական գործընկերությունը, որը տարիների ընթացքում ընդլայնվել և ընդգրկել է նորանոր ոլորտներ, և հույս հայտնել, որ համատեղ ջանքերով երկկողմ համագործակցությունը առավել կամրապնդվի և կխորանա։ Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Վիկտորիա Նյուլանդը նշել է, որ Միացյալ Նահանգները մեծ կարևորություն են տալիս տարբեր բնագավառներում Հայաստանի հետ համագործակցության զարգացմանը և պատրաստ են հավելյալ ջանքեր գործադրել այդ ուղղությամբ։
Զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ ձեռնարկվելիք համատեղ քայլերը:
Հանդիպման օրակարգում են եղել քաղաքական երկխոսությունը, միջազգային հարթակներում փոխգործակցությունը։
Էդվարդ Նալբանդյանն ու Վիկտորիա Նյուլանդը գոհունակությամբ արձանագրել են, որ ԱՄՆ և Հայաստանի միջև երկկողմ փոխգործակցությունը ընդգրկում է այնպիսի կարևոր ոլորտներ, ինչպիսիք են միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրները, խաղաղապահ գործողությունները, զանգվածային ոչնչացման զենքի չտարածումը, ահաբեկչության դեմ պայքարը։ ԱՄՆ պետքարտուղարի օգնականը երախտագիտություն հայտնեց խաղաղապահ գործողություններին Հայաստանի ակտիվ ներգրավվածության համար։
Վիկտորիա Նյուլանդը ընդգծել է Հայաստանի դրական ձեռքբերումները ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության ամրապնդման, տնտեսական բարեփոխումների և մի շարք այլ բնագավառներում:
Անդրադարձ է կատարվել հայ-ամերիկյան տնտեսական փոխգործակցության զարգացման հեռանկարներին, համատեղ նախագծերի իրականացմանը, ներդրումների խրախուսմանը։ Այս առումով կարևորվել են երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ընդլայնման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, մասնավորապես՝ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագրի մշակումը։
Նախարար Նալբանդյանն ընդգծել է, որ Հայաստանի անկախությունից ի վեր Միացյալ Նահանգները նշանակալի աջակցություն են ցուցաբերել Հայաստանի զարգացմանը և երկրում ընթացող բարեփոխումներին, և հավելել, որ ժամանակի ընթացքում օգնության ծրագրերը վերածվել են համագործակցության և զարգացման նախագծերի։
Երկուստեք դրական գնահատվել է 2013թ. Հայաստանի արտգործնախարարի և ԱՄՆ պետքարտուղարի միջև մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման շուրջ ձեռք բերված պայմանավորվածության՝ հունվարի 1-ից ուժի մեջ մտնելը։
Հանդիպմանը հանագամանալից մտքեր են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների՝ ուկրաինական ճգնաժամի, մերձավորարևելյան զարգացումների շուրջ։
Ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացի քննարկման համատեքստում նախարար Նալբանդյանը և պետքարտուղարի օգնականը համակարծիք են եղել, որ պետք է հնարավոր բոլոր ջանքերը գործադրվեն՝ հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման համար՝ միջազգային իրավունքի՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների հիման վրա։ Այս առումով նախարար Նալբանդյանը կարևորել է որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ` Միացյալ Նահանգների ներդրումն ու դերակատարությունը։
Էդվարդ Նալբանդյանը խնդրել է իր ողջյուններն ու բարեմաղթանքները փոխանցել պետքարտուղար Ջոն Քերիին և վերահաստատել Երևան այցելելու նրան ուղղված հրավերը։