Պուտին. Ռուսաստանը չի հրաժարվելու Թուրքիայի հետ գործակցությունից
«Թուրքական հոսք» գազամուղի իրականացման հարցում Ռուսաստանը չի հրաժարվելու Թուրքիայի հետ գործակցությունից: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հունգարիայի իր պաշտոնակցի հետ ունեցած հանդիպման ժամանակ: Հայտնում է «Ռիա-Նովոստի» լրատվական գործակալությունը:
«Մենք չենք հրաժարվի Թուրքիայի հետ համագործակցությունից: Ոչ միայն այն պատճառով, որ դա պարկեշտ չէ` պայմանավորվել ենք թուրք բարեկամների հետ և հիմա ասենք` ո՞չ, Եվրոպան մեզ այլ բան է առաջարկում: Չենք հրաժարվի նաև այն պատճառով, որ այդ կերպ մեզ հիմար վիճակի մեջ կդնենք. այսօր Եվրոպական հանձնաժողովը հրաժարվում է, վաղը կարող է համաձայնել, իսկ հետո նորից հրաժարվել»,- նշել է Պուտինը:
Վերջինս նաև թուրքական կողմին երկարատև լուրջ գործակցության կոչ է արել` վկայակոչելով նախորդ տարիների ընթացքում կողմերի միջև հաստատված հարաբերությունների մակարդակը: Պուտինը հավելել է, որ Ռուսաստանը միշտ լուրջ գործընկեր է եղել և այդպես էլ լինելու է:
Նկատենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, համաձայն որոնց, Ռուսաստանն ու Թուրքիան չեն կարողանում համաձայնության գալ գազի գնի հարցում: Թուրքական կողմը սպասում է 15 տոկոս զեղչ, մինչդեռ ռուսական կողմից հստակ տեղեկություններ չեն հաղորդվում: Հայտնի է, որ Թուրքիայի համար գազի գինը կազմելու է շուրջ 415 դոլար հազար խմ-ի համար, ինչը, սակայն չի տեղավորվում թուրքական կողմի հաշվարկներում: