
Րաֆֆի Հովհաննիսյան. Հիասթափությունների այս աշխարհում մի փոքր հիասթափեցնելու եմ նաև այսօր
«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարդաց իր հանրային ուղերձը՝ ներքաղաքական խնդիրների, միջազգային ասպարեզում Հայաստանի մեկուսացած լինելու մասին:
Նախքան ուղերձի ընթերցումը նա նշեց, որ «հիասթափությունների այս աշխարհում մի փոքր հիասթափեցնելու է նաև այսօր», ապա հայտարարեց, որ ուրբաթ օրը ժամը չորսին Ազատության հրապարակում հարցերին կպատասխանի:
Հարցին, թե ԲՀԿ-ն փետրվարի 20-ին կայանալիք հանրահավաքը չեղյալ է հայտարարել, պատասխանեց. «Ես ներկա կլինեմ, բացակա չդնեք»:
Լրագրողներն աղմուկ բարձրացրեցին, թե արդեն երկրորդ անգամ է հրավիրում ասուլիս, առաջին դեպքում չի ներկայանում, իսկ այժմ էլ հրաժարվում է պատասխանել հարցերին:
«Դուք մեզ չեք հարգում»,- ասացին լրագրողները:
Բայց Րաֆֆի Հովհաննիսյանն այդպես էլ որևէ հարցի չպատասխանեց:
Ր. Հովհաննիսյանը նաև հայտնեց, որ վաղը կայանալու է «Ժառանգություն» կուսակցության վարչության նիստը, որտեղ կքննարկեն նաև իրենց առաջիկա անելիքները: