
Հայ-թուրքական արձանագրությունների հետկանչը ներքաղաքական լուրջ փոփոխությունների չի հանգեցնի. Քաղաքագետ
Լրագրողներին տված ասուլիսի ժամանակ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն անդրադարձավ արտաքին քաղաքական հարցերի:
«Արտաքին քաղաքականության մեջ իրավիճակը չի փոխվում»,-նկատեց քաղաքագետը:
Նրա խոսքերով՝ այս օրերին կարևորը Դեբալցևոյում տեղի ունեցողն է, և թե ՌԴ-արևմուտք հարաբերություններում ինչ կլինի. «Իրադարձությունները, որ կարևոր են մեզ համար, մայիսին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնածողովն է: Իհարկե, կա նաև ապրիլի քսանչորսը»:
Խոսելով հայ-թուրքական արձանագրությունները ԱԺ-ից հետ կանչելու` ՀՀ նախագահի որոշումի մասին, Իսկանդարյանն ասաց. «Ստորագրությունը չի հետ կանչվել, այլ փաստաթուղթը: Որպես քաղաքագետ, ես դա գնահատում եմ ներքին քաղաքականության մեջ, որը լուրջ փոփոխությունների չի հանգեցնի, քանի որ դրանք հեռանկարներ չունեցող փաստթղթեր էին: Եթե երբևէ նոր շունչ ստանան հայ-թուրքական հարաբերությունները, էլի դրանց շուրջ են լինելու»:
Քաղաքագետն ընդգծեց, որ նման փաստաթուղթը միայն վավերացումից հետո է փաստաթուղթ դառնում, իսկ հայ-թուրքական արձանագրությունները վավերացված չէին. «Կարծում եմ՝ դրանք հետ կանչվեցին, որպես ապրիլի քսանչորսին ընդառաջ քայլ»:
Անդրադառնալով ԱՄՆ փոխպետքարտուղար Նուլանդի՝ տարածաշրջան կատարած այցին, քաղաքագետը նկատեց.«Այն պայմանավորված էր տարածաշրջանային հարցերով: Բացի այդ, հայ-ադրբեջանական հարաբերությունների որոշակի լարվածություն կար, դա փորձ էր ԱՄՆ կողմից՝ ազդել իրավիճակի վրա»: