«Ընթերցանությունը մտքի համար նույնն է, ինչ ֆիզիկական վարժությունը` մարմնի»
«Մեծագույն գանձը` լավ գրադարանն է» (ռուս գրաքննադատ Վիսարիոն Բելինսկի):
Տարվա ընթացքում յուրաքանչյուր օր կարելի է գրադարանը հարստացնել, սակայն այս օրը յուրահատուկ է. 2008 թվականից սկսած Հայաստանում կառավարության նախաձեռնությամբ և «Գրողների միության» նախագահ Լևոն Անանյանի որոշմամբ նշվում է Գիրք նվիրելու օրը: Օրը պատահական չէ ընտրված. 1869 թ. հենց այս օրն է ծնվել Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը:
«Սիրում եմ նվերներ ստանալ, նաև նվերներ տալ: Ինձ ավելի գոհ եմ զգում, երբ որևէ մեկին նվիրում եմ գիրք, ինձ ավելի երջանիկ եմ զգում, երբ ինձ նվիրում են գիրք»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց երևանաբնակ Նաիրան:
Հարցին՝ արդյո՞ք սիրում եք գիրք նվիրել կամ գիրք նվեր ստանալ, նմանատիպ պատասխանները գերակշում էին:
«Նվեր հայրիկին ու մայրիկին, տատիկին ու պապիկին: Առհասարակ բոլորին: Մի՞թե գրքից լավ նվեր կարող է լինել: Այդպես ոչ միայն որևէ բան ես նվիրում, այլ նաև հնարավորություն ես ընձեռում, որ նա էլ ավելի շատ բանի մասին իմանա, էլ ավելի շատ գիտելիք ձեռք բերի»,- համոզված է 38-ամյա Գայանեն:
«Մտնում եմ գրախանութ ու կարծես հայտնվում եմ հրաշքների աշխարհում: Այսօր մեր գրախանութներում շատ լավ գրքեր են վաճառվում, մեր գրահրատարակիչները շատ որակյալ գրքեր են հրատարակում և մեծահասակների, և փոքրահասակների համար: Ես մեծ բավականություն եմ ստանում, երբ գիրք եմ վերցնում ձեռքս: Այսօր աշխարհը շատ վատն է, այսինքն աշխարհում բնակվող մարդիկ: Միգուցե նրանք մեղավոր չեն, կյանքն է նրանց ստիպում այդպիսին դառնալ: Բայց կարելի է օրվա ընթացքում այդ չարությունը, դաժանությունը որոշ ժամանակով փոխարինել բարությամբ, մաքրությամբ՝ գիրք կարդալով: Գիրքն ինձ հույս է տալիս: Չգիտեմ, ուրիշների մոտ ինչպես է»,- ասաց Լուսինեն:
Նրա հետ գրախանութ էր եկել նաև 13-ամյա որդին, ով գիրք էր ընտրում՝ ընկերոջը նվիրելու համար:
«Ես սիրում եմ գիրք կարդալ: Ճիշտ է, սիրում եմ համակարգչից էլ օգտվել՝ խաղեր խաղալ, բայց օրվա ընթացքում գիրք կարդալու ժամանակ անպայման գտնում եմ»,- ասաց 13-ամյա Ռուբենը:
Այսօր գրախանութների աշխատողները, գրահրատարակիչներն ուրախությամբ փաստում են, որ մարդիկ կրկին սկսել են գիրք գնել, ինչը նշանակում է, որ նրանք ընթերցելու ցանկություն ունեն: Հայաստանցիները սիրում են ընթերցել դասական և ժամանակակից գրողների աշխատանքները, հայ և արտասահմանյան գրականության օրինակներ:
«Ընթերցանությունը մտքի համար նույնն է, ինչ ֆիզիկական վարժությունը`մարմնի»,- նման համոզմունք է հայտնել անգլիական վերածննդի ականավոր դրամատուրգ, քաղաքագետ և պոետ Ջոզեֆ Ադիսոնը:
Կրթված հասարակությունը ցանկացած երկրի զարգացման երաշխիքն է, հզոր պետություն ունենալու գրավականն է: Իսկ մեր երկրին այսօր կարիք ունի և զարգացման և հզորացման:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները