Վթարի հետևանքով տուժած 8 ամսական երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է
Նորք Մարաշում այսօր տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով տուժած 8 ամսական Տիգրան Հարությունյանի վիճակը ծայրահեղ ծանր է: Ինչպես Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Աննա Չոբանյանը, վթարի հետևանքով վնասվել է երեխայի գլխուղեղը:
«Վթարից հետո երեխան ահավոր ծանր վիճակում է եղել: Երեխային սկզբից տեղափոխել են Նորք Մարաշի հիվանդանոցում, նրան միացրել են արհեստական շնչառական ապարատ, որից հետո երեխային տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Կատարվել է համակարգչային տոմագրաֆիա, որի արդյունքում պարզվել է` երեխայի ուղեղն ամբողջությամբ վնասված է»,- ասաց Ա.Չոբանյանը:
Նա նշեց նաև, որ Տիգրան Հարությունյանի երկվորյակ եղբայրը` Արման Հարությունյանը տեղում մահացել է: Երեխաները գտնվել են մանկական սայլակում:
Նշենք, որ ըստ «Փաստինֆո»-ի` այսօր առավոտյան՝ ժամը 11:30-ի սահմաններում, Երևանի Արմենակյան փողոցում «Volkswagengolf» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 4 հոգու՝ 29-ամյա Աննա Հարությունյանին, մանկասայլակի մեջ գտնվող երկվորյակ մանկահասակ տղաներին և 82-ամյա Անահիտ Կարապետյանին: Վրաերթի հետևանքով երեխաներից մեկը մահացել է, իսկ մյուսը ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է Սբ. Աստվածամայր հիվանդանոցում, երեխաների մայրը Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում է, իսկ Անահիտ Կարապետյանը՝ վնասվածքաբանական հիվանդանոցում: Վրաերթի հետևանքով տուժել է նաև վարորդի կինը՝ Գայանե Ժամկոչյանը. նա գտնվում է «Քանաքեռ-Զեյթուն» հիվանդանոցում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները