Դվին հյուրանոց. Դիտարկումները մերժողական էին բոլոր առումներով՝ և բարոյական, և ճարտարապետական, և տեխնիկական
Երևանի քաղաքապետարանում նախօրեին քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի նիստում քննարկմանն է ներկայացվել նախկին «Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցման էսքիզային առաջարկը, որը կառուցապատող ընկերության պատվերով կազմել են կանադացի ճարտարապետները:
Նախագծի ներկայացումից հետո խորհրդի անդամներն արտահայտել են կարծիքներ, ներկայացրել իրենց մոտեցումներն ու առաջարկները:
«Բոլոր դիտարկումները քննադատական էին, մերժողական էին, որևէ դրական ելույթ չհնչեց, դրական եզրակացության չհանգեցինք բոլոր առումներով՝ և բարոյական, և ճարտարապետական, և տեխնիկական: Այդպես նիստն ավարտվեց: Թե հետո ինչ շարունակություն կունենա, ես չգիտեմ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց քաղաքաշինական խորհրդի անդամ ճարտարապետ Սաշուր Քալաշյանը:
Նա նշեց, որ խորհուրդը վճռորոշ ձայն չունի, միայն խորհրդակացկան գործառույթ ունի՝ «կամ կլսեն, կամ չեն լսի, կյանքը ցույց է տալիս, որ մեր կարծիքը շատ հաճախ անտեսվում է»:
«Ներկայացված նախագծով այլանդակվում է ամբողջ շինությունը, շենքից ոչինչ չի մնում, թեև հեղինակը ներկայացրեց, որ ամեն ինչ արել է շինությունը պահպանելու համար: Նախագիծը նայելուց հետո մենք ման էինք գալիս ու չէինք գտնում, թե որտեղ է Դվին հյուրանոցը»,- ասաց նա:
Կանադացի ճարտարապետները, ըստ նրա, ամպագոռգոռ հայտարարություններ արեցին, թե 30 տարվա նախագծման փորձ ունեն, բայց մասնագիտական առումով նրանց մակարդակը շատ ցածր էր:
Ս. Քալաշյանի խոսքով, թեև Դվին հյուրանոցը պետական հուշարձանների ցանկում ընդգրկված չէ, բայց ժամանակին ստացել է պետական մրցանակ, իսկ դա արդեն արժևորման չափանիշ է:
«Որոշում ընդունվեց, որ նախագիծը կվերամշակվի ու նորից կներկայացվի քննարկման: Սրանք ստանդարտ խոսքեր են, ոչ մի բան չպարտադրող»,- ասաց նա:
Ս. Քալաշյանի փոխանցմամբ, հյուրանոցի ճարտարապետներից Աշոտ Ալեքսանյաննը նույնպես ներկա էր նիստին, ում բավականին վրդովվեցրել է ներկայացված նախագիծը:
«Բայց նա որևէ բան պահանջելու իրավունք չունի»,- ասաց ճարտարապետը ու մեջբերեց «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածը.
«Հոդված 28. Ճարտարապետական ստեղծագործությունների նկատմամբ իրավունքների առանձնահատկությունները
1. Հեղինակային իրավունքի օբյեկտ հանդիսացող կամ այդպիսի օբյեկտ պարունակող շենքի կամ շինության սեփականատերն առանց հեղինակի թույլտվության կարող է օրենքով սահմանված կարգով փոփոխություն կատարել շենքի կամ շինության մեջ, վերակառուցել կամ քանդել դա, եթե տվյալ շենքի կամ շինության կառուցման կամ ձեռքբերման պայմանագրով (փաստաթղթերով) այլ բան նախատեսված չէ (բացառություն են կազմում որպես պատմամշակութային անշարժ հուշարձան, պետության կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից սահմանված կարգով պահպանվող համալիրները, շենքերը, շինությունները, քանդակները, զարդաքանդակները, նախշերը եւ որմնանկարները)։
Panorama.am-ի հետ զրույցում Աշոտ Ալեքսանյանն ասաց. «Իհարկե, դեմ եմ առաջարկվող նախագծին: Ներկայացվածը թռուցիկ էսքիզ էր, նման չէ կարգին էսքիիզ, 1-ին կուրսի ուսանողական աշխատանից թույլ էր ու այդպիսի աշխատանքը դրված էր լուրջ քննարկման: Շենքն ամբողջությամբ փոփոխվում էր, նախկին հյուրանոցից ոչինչ չի մնում»:
Նա նաև մեղադրեց քաղաքապետարանին, որ դեռ նախագիծը չհաստատած, շենքը քանդում են. «Քաղաքապետարանի բացթողումն է, անլուրջ վերաբերմունք է օբյեկտի նկատմամբ»:
Նշենք, որ օրեր առաջ Դվին հյուրանոցում սկսվել են շինարարական աշխատանքներ: Հյուրանոցի պարսպին փակցված վահանակի վրա նշված է, որ շինարարության պատվիրատուն ««Դվին» հյուրանոցային համալիրն» է ՓԲԸ հանդիսանում, իսկ կապալառուն «ԱՌՍ-ՇԻԼ» ընկերությունն է: Շինարարություն թույլտվությունը ստացվել է 2014 թ. փետրվարի 19-ին:
Մեզ հետ զրույցում Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը նախ ասաց, որ ոչ թե քանդման աշխատանքներ էին ընթանում, այլ ամրացման:
«Համապատասխան հողային աշխատանքների, ուժեղացման նախագիծ ունեն: Ի հակառակ հեղինակի պնդման, ասում եմ, որ նախագծային փաստաթղթերը կան: Բայց այժմ աշխատանքները դադարեցված են:
Երկար ժամանակ լանջային հատվածները չեն շահագործվել, ժամանակի ընթացքում կոռոզիայի են ենթարկվել, ամրացման կարիք ունենում: Ամրացումը հեշտ բան չի, որոշ քանդման, տեղային բացումների աշխատանք պետք է անել, որպեսզի ամրացումը կոսմետիկ, զուտ ձևական ընկալում չունենա:
Կմախքը ուժեղացնելու, պահպանելու կարիք կա, ցեմենտավազի շաղախով թարմացվում են ամրությունները: Տեխնոլիգիական մոտեցումներ են, որպեսզի շենքը պահպանվի, իսկ որպեսզի պահպանվի, նաև տեղական քանդման գործընթացներ են պետք, որը ընկալվում է, որ շենքը քանդում են: Իրականում այդպես չէ, եթե քանդելու լինեին, կարող էին այդ մի քանի օրում վերացնեին: Դա չէ մեր նպատակը»:
Ինչ վերաբերում է կանադացի ճարտարապետների ներկայացրած նախագծին, Տ. Բարսեղյանն ասաց. «Ծայրահեղական կարծիք չունեմ, գտնում եմ, որ աշխատանքները պետք է շարունակվեն, առաջին հպումից պետք չէր սպասել, որ մեր քաղաքաշինական խորհուրդը կընդունի միաձայն: Դիտարկումները ճիշտ են, մտածելու առիթ են տալիս, ժամանակ է պետք, որ լուրջ աշխատանք արվի, ընթացքային իրավիճակ է»:
Ըստ նրա, մեծամասամբ ճարտարապետները ցանկանում էին իրենց հիշողություններում արթնացնել «Դվին» հյուրանոցի կերպարը:
«Երբ որ օտար հայացքով նայում ես, չես նկատում, չես կարողանում ընկալել, որովհետև հայկական ճարտարապետությունն օտար ճարտարապետների համար դժվար է ընկալել, ինչպես նաև մեր դեպքում: Պետք է մի համաձուլվածք ձևավորվել, երկուսի համար ընդունելի, որը դժվար գործընթաց է: Ցանկացած ճարտարապետ պետք է հաշվի առնի և խորությամբ կարողանա ընկալել տվյալ հասարակության ցանկությունները, ավանդույթները, ոճական առանձնահատկությունները: Մասնագիտական վեճերի, քննարկումների առիթներ են տալիս այս հարցերը:
Վերակառուցում է, ոչ թե վերականգնում: Դրանք տարբեր են: Վերակառուցան ժամանակ փոխվում է առաջադրանքը, պատվիրատուն ցանկանում է նոր բաղադրիչներ մտցնել, որոնք խորհրդային տարիներին չկային հյուրանոցային կառույցներում, որպեսզի մրցունակ լինի: Նախագծում են ծավալներ, որոնք բերում են նոր ծավալատարածական հորինվածքի, խորանում են գետնի տակ, բարձրանում այս ու այն կողմից: Այս դեպքում ներդաշնակությունը շատ դժվար է պահպանել, մեծ վարպետություն, տակտ է պահանջում, որպեսզի հինը պահպանելով նոր միջամտություններ անել որոշակի դրվագներով, որն այս անգամ պակասում էր»:
Նա ասաց, որ կանադացի ճարտարապետներին ընտրել է սեփականատերը. «Հիմա ազատ ընտրության շրջան է: Կարող են մարդիկ նախագծեր անել այլ երկրներում: Մեր երիտասարդ ճարտարապետներն էլ սփյուռքում իրենց տեղը գտնում են, ծառայում են այդ երկրի ճարտարապետությանը»:
Հյուրանոցի տարածքում գտնվող հուշապատը, արձանը, փոքր գեղարվեստական էլեմենտները, Տ. Բարսեղյանի խոսքով, պետք է պահպանել, հատուկ վերաբերմունք ցույց տալ. «Հեղինակները նշեցին, որ դրանք իրենց ապագա հյուրանոցի համար արժեք են ներկայացնում՝ և հոգևոր, և կոմերցիոն: Պահպանելու միտում կա, հարցն այն է՝ ինչպես անել, որ առավել հնչեղ լինի»:
Դվին հյուրանոցը կառուցվել է 1979 թվականին։ Ճարտարապետներն են Ֆելիքս Հակոբյանը, Աշոտ Ալեքսանյանն ուԷդուարդ Սաֆարյանը։ Այն իր դռները բացեց հանրության առջև 1983 թվականին։ Տասնչորս հարկանի հյուրանոցն ուներ լյուքս համարներ, ռեստորան և բար։ Բոլոր սենյակները կահավորված էին ֆիննական կահույքով։ Հյուրանոցային համալիրի բակում՝ շատրվանների կողքին տեղադրված է կոփածո պղնձից պատրաստված «Լեռնային պար» խմբաքանդակը (քանդակագործ՝ Տիգրան Արզումանյան)։ 1988 թ. Արցախ մեկնող ջոկատները երդման արարողության են մասնակցել այս քանդակի մոտ։ 2003թ. «Դվին» հյուրանոցը 3 միլիոն դոլարով վաճառվեց «Կովկասյան հաղորդակցական խումբ» ՓԲԸ-ին, որը պարտավորվում է ամբողջությամբ վերակառուցել հյուրանոցը մինչև 2016 թվականը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու