Հայաստանյան ամբողջ ներկապնակը՝ հայ և օտարազգի արվեստագետների աշխատանքներում
Հայ և օտարազգի ավելի քան 60 արվեստագետի 150 աշխատանք մեկտեղվել են մեկ հարկի տակ՝ Հայաստանի Նկարիչների միության ցուցասրահում: Իրենց աշխատանքներով հայ և օտարազգի նկարիչները հարգանքի տուրք են մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Ցուցահանդեսի կազմակերպիչներն են Հայաստանի մշակույթի նախարարությունը, «Փյունիկ« հիմնադրամը, «Լոռվա ձոր» հայրենակցական միությունը: Ցուցահանդեսում ներկայացված է «Հայկական ներկապնակ» գեղանկարչական փառատոների ու ցուցադրությունների ծրագրի շրջանակում վերջին հինգ տարվա ընթացքում ստեղծված աշխատանքները: Թեմատիկ առումով ցուցադրությունը բազմաժանր է, հեղինակներն էլ (հայ, ռուս, բելառուս, ուկրաինացի, լիտվացի, լատվիացի, լեհ, ղազախ)՝՝ 17-18 տարեկանից մինչև 93 տարեկան Արմեն Աթայան:
«Այս ցուցահանդեսը միջազգային հինգ փառատոնի արդյունքների ամփոփումն է: Այն նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Փյունիկ» հիմնադրամի նախագահ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Սարգսյանը:
«Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ, «Հայկական ներկապնակ» փառատոնի նախագահ Սերգո Երիցյանն իր խոսքում նշեց, սա ոգեկոչման ցուցադրություն է, աղերսներ ունի վերածնված Հայաստանի, հայ ժողովրդի խոհերի, հավաքական կերպարի հետ:
«Այդ ամենը ներկայացված է մեր նկարիչների աշխատանքներում: Այստեղ ներկայացված է հայաստանյան ամբողջ ներկապնակն իր բոլոր հնարավոր դրսևորումներով»,- ասաց նա:
Նկարիչ Արա Հակոբյանն իր խոսքում նշեց, որ կազմակերպիչների հինգ տարվա աշխատանքը բեղուն է եղել, ինչի վառ վկայությունն այսօրվա ցուցահանդեսն է:
Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը նախ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորանքը փոխանցեց, Մայր աթոռի օրհնությունը, ապա ցանկություն հայտնեց, որ ազգանվեր այս գործունեությունը շարունակվի նաև հետագայում:
«Նման ազգային, ազգանվեր միջոցառումներ պետք է շատ կազմակերպվեն, որպեսզի երիտասարդները, ժողովուրդը կարողանան շփվել մշակույթի հետ, կարողանան գեղեցիկ ճաշակ զարգացնել, ինչը որ մշտապես եղել է մեր կյանքում»,- ասաց նա:
150 գեղանկար աշխատանքից բացի ներկայացված է նաև քանդակագործ Արա Սարգսյանի «Ցեղասպանություն» քանդակը, որն առաջին անգամ է ներկայացվում հանրությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու