Կստեղծվի Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ, որը կղեկավարի ՀՀ վարչապետը
ՀՀ կառավարության որոշմամբ կստեղծվի Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ և փորձագիտական հանձնախումբ: Գործադիրն այսօրվա նիստում հաստատեց նախագիծը, որը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը: Նա նշեց, որ նախագիծն անցել է հանրային քննարկումներ:
Նախարարն ասաց, որ խորհուրդը պետք է ղեկավարի ՀՀ վարչապետը, դրանում ներգրավված են լինելու ֆինանսների նախարարը, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը, ինչպես նաև ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներ, ինչի համար Կառավարությունը նամակով դիմելու է ԱԺ նախագահին, իսկ վերջինս էլ նամակով դիմելու է խմբակցություններին՝ անդամ առաջարկելու համար:
ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը նշեց, որ ավելի ճիշտ կլինի դիմել ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարներին: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ նկատեց, որ ճիշտ է դիմել ԱԺ նախագահի միջոցով. «Ես կարծում եմ, որ ճիշտ է ԱԺ նախագահի միջոցով գործընթացն իրականացնել, և՛ կոռեկտ կլինի, և՛ մեր մոտեցումն է ճիշտ»:
Սակայն Հրայր Թովմասյանը չհամաձայնեց` ասելով, որ տեքստի մեջ չի երևում՝ ԱԺ նախագահը դիմելու է խմբակցություններին, թե՝ ոչ:
«Ես գտնում եմ, որ մենք ճիշտ ենք անում, պարոն Թովմասյան, իմ կարծիքով՝ թեման պիտի փակենք արդեն»,- նշեց վարչապետը:
Կառավարության հիմնավորման մեջ նշված է. «Վերջին տասնամյակում կոռուպցիայի դեմ պայքարը դարձել է ՀՀ կառավարության գերակայություններից մեկը: Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնախնդրի լուծման համար, թերևս, կարևորագույն երաշխիքներից է հանդիսանում հակակոռուպցիոն ռազմավարության արդյունավետ իրականացումն ապահովող ինստիտուցիոնալ համակարգի ներդրումը, ինչը բխում է նաև Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների տրամաբանությունից: Այդ համակարգը, ըստ էության, պետք է միտված լինի հակակոռուպցիոն քաղաքականություն իրականացնող մարմինների գործունեության արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև կոռուպցիայի կանխարգելման և բացահայտման մարմինների միջև կայուն կառուցակարգված համագործակցության ապահովմանը»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան