Ներպետական ատյանները չսպառած՝ Բուդաղյանների փաստաբանը կդիմի ՄԻԵԴ
«Մենք շարունակելու ենք մեր պայքարը հանցագործությունը քողարկող մեխանիզմների դեմ այնքան ժամանակ, մինչև կարողանանք ամբողջությամբ բացահայտել դրանք, ապացուցենք հանցագործության իրական հանգամանքները՝ այդպես հասնել իրական մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելուն»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Բուղադյանների փաստաբան Հայկ Ալումյանը:
Նա նշեց, որ հանցագործությունը պրոֆեսիոնալ կերպով քողարկող մեխանիզմների դեմ հեշտ չէ պայքարել, բայց իրենք շարունակելու են պայքարը, ոչ միայն հենց դեպքի մեղավորներին հայտնաբերելու, այլ նաև նրանց, ովքեր քողարկում են այդ ամենը, ում «ջանքերի» շնորհիվ արդեն մեկուկես տարի է արդարադատություն չի իրականանում:
Հ. Ալումյանը նաև ասաց, որ 2014 թվականի դեկտեմբերից հետո իրենց վիճակն ավելի բարդացել է. «Մամուլում տեղեկատվության շրջանառվեց, որ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի հարսանիքին մասնակցել են նաև նախագահ Սերժ Սարգսյանն ու արդարադատության նախարարը: Հասկանալի է, որ նման պայմաններում գործը չի կարող լիարժեք, հավասար պայմաններում քննվի: Ես գրավոր դիմել եմ նախագահի աշխատակազմի ղեկավարին, արդարադատության նախարարություն, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին՝ խնդրելով հաստատել կամ հերքել այդ տեղեկատվությունը: Մինչ օրս որևէ պատասխան չեմ ստացել: Իսկ չպատասխանելն ինձ ավելի շատ բան է տալիս, քան եթե պատասխանեին ու հաստատեին: Ինչ է տալու ինձ այս հանգամանքը: Մարդու իրավունքների եվրոպական դատարան կարելի է դիմել այն ժամանակ, երբ սպառված են լինում ներպետական բոլոր ատյանները բացառությամբ այն դեպքերում, երբ ներպետական ատյաններն այս կամ այն գործով քեզ համար արդյունավետ պաշտպանության միջոց չեն: Սա հենց այն դեպքն է, որ այդ անձանց մասնակցությունը հաստատեց, որ մեր ներպետական ատյաններն այս գործով արդյունավետ պաշտպանության միջոցներ չեն: Չսպասելով որևէ դատական ակտի, պատրաստվում ենք դիմել ՄԻԵԴ: Մեր գանգատը կլինի ավելի շուտ, քան մեր դատարաններից որևէ մեկի որոշումը»:
Հ. Ալումյանը խոսելով դատավարության ընթացքի մասին ասաց, որ Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի անդամներն ամեն ինչ անում են, որ պաշտպանական կողմի հարցերին չպատասխանեն: Ինչ վերաբերում է Սուրիկ Խաչատրյանի հեռավոր ազգականներից Նիկոլայ Աբրահամյանին, ով նույնպես դեպքի օրը եղել է Սուրիկ Խաչատրյանի հետ, ըստ փաստաբանի, տարօրինակ իրավիճակ է ստեղծվել:
«Նա չի գալիս դատական նիստերին, թեև դատականչված է: Պատճառաբանում են, որ հիվանդ է, դժվարանում է քայլել, նստել: Իսկ այդ հիվանդությունը պայմանավորված է նրանով, որ ոտքը հետզհետե չորանում է: Իսկ ինչու է չորանում, որովհետև նրա մարմնից հանված չէ այն գնդակը, որը հայտնվել է մարմնում դեպքի ժամանակ: Նրա վրա էլ են կրակել: Նախաքննության համաձայն, կրակել է Ավետիք Բուդաղյանը: Մեզ մոտ հարց է առաջանում, ինչու են մինչև գնդակը հանելը որոշել, որ հենց Ավետիքն է կրակել: Հանեք՝ նոր որոշեք: Չհանելը պատճառաբանում են նրանով, որ վտանգավոր է Նիկոյալի առողջության համար: Բայց, փաստորեն, չհանելն է նրա մոտ առողջական խնդիրներ առաջացրել: Մենք փաստաթղթերը վիրաբույժի ենք ներկայացրել, ով ասել է, որ գնդակը հանելուց վտանգ կա, կարող է նյարդ վնասի, բայց եթե արդեն առաջացրել է հետևանքներ, ուրեմն պետք է անպայման հանել: Հասկանալի է, որ հանելը վտանգավոր է այն վարկածի համար, որ նախաքննական մարմինն ունի, իբր կրակել է Ավետիք Բուդաղյանը: Մենք լուրջ հիմքեր ունենք կասկածելու, որ եթե հանվի այդ գնդակը, կհաստատվի, որ Բուդաղյանը չի կրակել»:
Ըստ մեղադրական եզրակացության, Արտակ Բուդաղյանն իր եղբայր Ավետիք Բուդաղյանից տեղեկանալով, որ 01.06.2013թ ժամը 22-ի սահմաններում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում իրեն ծեծի են ենթարկել, նպատակ ունենալով վախեցնել Սուրիկ Խաչատրյանին և նրա ընտանիքի անդամներին, նրանց մոտ առաջացնել տագնապի, սեփական անվտանգության համար անհանգստության զգացում, նույն օրը` ժամը 23-ի սահմաններում, ՎԱԶ 2106 մակնիշի 30 SU 994 պետհամարանիշի ավտոմեքենայով գնացել է Գորիս քաղաքի Դավիթ-Բեկ փողոցում գտնվող` Սուրիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան մոտ, իր հետ նախապես վերցված, իր անվամբ գրանցված որսորդական հրացանը ձեռքին իջնելով ավտոմեքենայից, սպանության սպառնալիքներ է տվել Սուրեն Խաչատրյանի և նրա հարազատների հասցեին: ՊՆ քննչական ծառայության որոշմամբ Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական գործը կարճվել էր անհրաժեշտ պաշտպանության հիմքով, իսկ քրեական հետապնդումը դադարեցվել: Արտակ Բուդաղյանը հրաժարվել է իր նկատմամբ տարածվող համաներում հայտարարելու մասին 2013-ին ԱԺ ընդունած որոշումը կիրառելուց և հայտարարել, որ պետք է գործը հասնի դատարան:
Նախորդող հրապարակումներ՝
«Սուրիկ Խաչատրյանի կնոջ խուսափողական պատասխաններն ավելի ակնհայտ են դարձրել, որ մենք ճիշտ ենք եղել». փաստաբան
«Դուք դրան մատների արանքով ենք նայում». Արտակ Բուդաղյանի գործով տուժողի փաստաբանը դժգոհում է
Սուրիկ Խաչատրյանի տան տեսախցիկներից մեկը նաև ձայն է գրել. Փաստաբանի բացահայտումները
«Անհերքելի ապացույցներ ունենք, որ Սուրիկ Խաչատրյանն ավտոմեքենայում հարվածներ հասցրել է Ավետիք Բուդաղյանին». Փաստաբան
Արտակ Բուդաղյանը նպատակ է ունեցել վախեցնել Սուրիկ Խաչատրյանին. Մեղադրական
Արտակ Բուդաղյանը պնդել ու պնդում է, որ եղել է կրակոց նաև Սուրիկ Խաչատրյանի դղյակից. Փաստաբանի բացահայտումը (տեսանյութ)
«Սուրիկ Խաչատրյանի որդու մեզի ու մազի մեջ թմրանյութեր են եղել».ՊՆ քննչական ծառայությունը հերքում է Ալումյանի հայտարարությունները
Ավետիք Բուդաղյանը եղել է հաշտարարի դերում և ագրեսիա չի ցուցաբերել, բայց իր վրա կրակել են. Փաստաբանի բացահայտումը