Քաղաքացիները կկարողանան օգտվել առանց տոկոսի հիպոթեքից և ձեռք բերել բնակարաններ
Կառավարությունը հաստատել է հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով վարձու աշխատողների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների կողմից վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը: Վարչապետի դիտարկմամբ, այս խնդիրը բազմիցս քննարկվել է, և ընդունված որոշումը լուրջ քայլ է: Նրա խոսքով՝ կառավարությունը նաև բեռ է վերցնում բյուջեի վրա և նպաստում, որպեսզի քաղաքացիները կարողանան օգտվել հիպոթեքից և ձեռք բերել բնակարան:
ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանի խոսքերով` այսպիսով, կառավարությունը իր վրա է վերցնում հիպոթեքային վարկի գծով տոկոսների ֆինանսավորման բեռը` փաստացի տոկոսադրույքը սահմանելով 0 տոկոս: Դա ՀՀ քաղաքացիներին հնարավորություն է տալիս հիպոթեքի տոկոսը հետ ստանալ պետությունից:
Նախագծում մասնավորապես նշված է.
«1.Սույն կարգով կարգավորվում են «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8.2-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունից 2014 թվականի նոյեմբերի 1-ից հետո ստացված և փաստացի բնակարանի ձեռք բերմանը կամ անհատական բնակելի տան կառուցմանն ուղղված հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով վարձու աշխատողներին, անհատ ձեռնարկատերերին և նոտարներին օրենքով սահմանված կարգով վճարված (այդ թվում` հարկային գործակալի միջոցով գանձված) եկամտային հարկը վերադարձնելու հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից, ինչպես նաև պետության և (կամ) համայնքի կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակներում պետությունից կամ համայնքից 2014 թվականի նոյեմբերի 1-ից հետո բնակարան ձեռք բերող կամ Հայաստանի Հանրապետության տարածքում անհատական բնակելի տուն կառուցող վարձու աշխատողների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների (այսուհետ՝ վարկառու) վրա: Վարկառու է հանդիսանում նաև վարձու աշխատող, անհատ ձեռնարկատեր կամ նոտար հանդիսացող հիպոթեքային վարկի համավարկառուն` բնակարանի (անհատական բնակելի տան) սեփականատեր (համասեփականատեր) հանդիսանալու դեպքում»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին