
Կոռուպցիայի դեմ պայքարելու համար քաղաքական կամք է անհրաժեշտ. Հովհաննես Մանուկյան
Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմն ավելի ներկայացուցչական կլինի և այնտեղ կապահովեն քաղաքացիական հասարակության, ինչպես նաև Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորների ներկայությունը: Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը` անդրադառնալով հարցին, թե նոր խորհուրդը նախկինից ինչո՞վ է տարբերվելու:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ` կստեղծվի Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ և փորձագիտական հանձնախումբ: Խորհուրդը պետք է ղեկավարի ՀՀ վարչապետը, դրանում ներգրավված են լինելու ֆինանսների նախարարը, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը, ինչպես նաև ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներ:
Հովհաննես Մանուկյանի խոսքերով` փորձել են այս հանձնաժողովի գործունեության մեխանիզմներն ավելի արդյունավետ, ճկուն դարձնել և հնարավորություն տալ հարցերն ավելի պատրաստված ներկայացնել, քանի որ փորձագիտական հանձնախումբ պետք է գործի, որպեսզի խորհուրդը կարողանա ճիշտ վերլուծություններ կատարել և համապատասխան որոշումներ ընդունել, որոնք հետագայում պետք է ռեալիզացվեն համապատասխան իրավական ակտերի տեսքով, մասնավորապես, վարչապետի և կառավարության որոշումների տեսքով:
Դիտարկմանը, թե ստացվում է, որ նախկին հանձնաժողովները սխալ վերլուծություններ էին կատարո՞ւմ, կառավարությունը միշտ էլ հայտարարել է, որ պայքարում է կոռուպցիայի դեմ, սակայն արդյունքները ճիշտ հակառակն են ցույց տալիս, Հ.Մանուկյանը պատասխանեց, որ, բնականաբար, գնահատականների մի մասի հետ համաձայն չէ, բայց այն, որ կոռուպցիայի դեմ պայքարն ավելի արդյունավետ պետք է դարձնել, դա միանշանակ է:
«Նախորդ տարի հաստատված Կառավարության գործունեության ծրագրում հատուկ դրույթներ կան նաև այս ուղղությամբ: Մասնավորապես, կետ կա բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործիքակազմն ու իրավասություններն ընդլայնելու տեսանկյունից, ինչը հնարավորություն կտար արդյունավետ բացահայտելու չհիմնավորված հարստացման դեպքերը և վեր հանել շահերի բախման երևույթները, ինչը կոռուպցիայի դեմ պայքարի, կոռուպցիոն ռիսկերի հայտնաբերման, գնահատման և դրանց դեմ համապատասխան գործողություններ իրականացնելու կարևորագույն գործիք է»,- ընդգծեց արդարադատության նախարարը:
Հարցին, թե որ ոլորտն է ավելի կոռումպացված, Հ. Մանուկյանն ասաց, որ ինքը նման վերլուծություններ չունի. «Քանի որ կոռուպցիոն հանցագործությունները և կոռուպցիոն երևույթները մեծ լատենտայնություն ունեն, իրականում նման վերլուծությունները շատ սուբյեկտիվ են և շատ գնահատողական: Նման վերլուծություններն ավելի շատ փորձագիտական բնույթի են»:
Ի վերջո, ի՞նչ է անելու այս հնձնաժողովը, որը չի արել նախկինը, նախարարն ասաց, որ կոռուպցիայի դեմ պայքարը պետք է ավելի արդյունավետ լինի ու ավելի ակտիվ իրականացվի: Իսկ դրա համար, բացի ինստիտուցիոնալ լուծումներից, ըստ Հ.Մանուկյանի, քաղաքական կամք է անհրաժեշտ: «Եթե քաղաքական կամք չլինի, ցանկացած իդեալական ինստիտուցիոնալ լուծում չի կարող տեղից շարժվել: առաջընթաց չի լինի: Այո, քաղաքական կամքը կարևոր է ցանկացած ինստիտուցիոնալ լուծումը իրագործելի դարձնելու համար»,- ասաց արդարադատության նախարարը:
Հարցին, թե ի՞նչ փոխվեց կառավարությունում, որ որոշվեց քաղաքական կամք դրսևորել՝ կոռուպցիայի դեմ պայքարելու համար, Հ.Մանուկյանը պատասխանեց. «Գիտեք այնպես չէ, որ հավաքվեց և որոշում կայացվեց, որ կա քաղաքական կամք: Այնուամենայնիվ, կառավարությունը և նրա առանձին անդամներն ունեն քաղաքական պատասխանատվություն այդ ուղղությամբ, որն ինչ-որ ձևով վաղն արտահայտվելու է, և մենք պետք է վաղը հանրությանը պատասխան տանք: Մասնավորապես, ես և ընդհանուր կառավարությունը պարտավոր ենք քաղաքական կամքը դրսևորել, այդ պատճառով այս գործողություններն իրականացնում ենք: Թե ինչպիսի արդյունք սա կունենա, ես հույս ունեմ, որ ինչ-որ բան հնարավոր կլինի տեղից շարժել»,- ընդգծեց նախարարը:
Նախորդող հրապարակում`
Կստեղծվի Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ, որը կղեկավարի ՀՀ վարչապետը