«Հայաստանում զարգացած չէ քաղաքական դիսկուրսի մշակույթը». Ալեքսանդր Իսկանդարյան
«Այն, ինչ եղավ ներքաղաքական դաշտում, բավականին սպասելի էր, եղավ ու ավարտվեց ակնկալածի պես, իմ կարծիքով: Հասարակությունը արմատական հռետորաբանության մեծ պահանջ ուներ, և այդ պահանջարկի արդյունքն այն էր, ինչ եղավ: Տեսնենք՝ հետո ինչ կլինի: Առաջին անգամ չէր, որ նման բան եղավ, երբ ԲՀԿ ղեակավար Ծառուկյանը հրաժարվեց ժամանակին մասնակցել նախագահական ընտրություններին, նույն իրավիճակն էր, և սպասելի էր»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Լրագրողների հարցին, թե ինչ կարծիք ունի Եռյակի հետագա անելիքների մասին, Իսկանդարյանն ասաց. «Ինչու կա՞ր Եռյակ: Ոչ քառյակ է գոյություն ունեցել, ոչ եռյակ, և չի էլ ունենա: Դա փորձ էր իրավիճակային համախմբման համար, միտինգի, ելույթի համար: Իսկ որպեսզի միություն գոյություն ունենա, ինչ-որ համախմբող բան է պետք: Նրանք չկարողացան ազդել քաղաքական կյանքի վրա, չեն էլ կարողանա: Իշխանությունները Ծառուկյանի և նրա որոշման վրա ազդեցություն ունեն, փաստորեն: Երկրում պահանջարկ կա արմատական, հեղափոխական հռետորաբանության: Քաղաքականությունը շուկա է, եթե կա պահանջարկ, կա նաև առաջարկ: Մարդիկ պատրաստ են լսել բիզնեսմենի շուրթերից, որ նա պայքարելու է իրենց համար, պատրաստ են հավատալ, որ ԲՀԿ-ն կարող է գալ իշխանության, որպեսզի պայքարի օլգարխիայի դեմ, ժողովուրդն ամեն ինչի հավատում է: Ծառուկյանը նման հռետորաբանության համար ամենաանհաջող տարբերակն է: Երկրում չկա ընդդիմություն, իշխանությունն էլ թույլ է, իսկ այդ իրավիճակում խորհրդարանում խոսում են այնպես, ինչպես տաքսիներում, քաղաքականության մեջ խոսում են այնպես, ինչպես ֆեյսբուքում: Խնդիրն այն է, որ լինի ընդդիմություն, որը ոչ թե հեղափոխություն է առաջարկում, այլ կոնկրետ ծրագիր»:
Քաղաքագետի կարծիքով՝ Հայաստանում զարգացած չէ քաղաքական դիսկուրսի մշակույթը:
«Լավ կլիներ, որ իսկական ընդդիմադիր քաղաքական ուժեր, կուսակցություններ ստեղծվեին: Սա մանկական, թերզարգացած, խոսքերի, և ոչ գործողությունների ընդդիմություն է: Անհրաժեշտ է ամեն օր աշխատել, կուսակցություն ստեղծելը շատ բարդ գործ է, տարբեր բազաներ պետք է ստեղծվեն, ֆինանսային բազա: Ասում են՝ մենք համակարգը կփլուզենք, բայց ընդդիմությունը պետք է աշխատանքով հասնի իշխանափոխության: Անհրաժեշտ է, որպեսզի ՀՀ քաղաքացին իր գյուղում երբ որևէ խնդիր ունենա, այդ հարցով դիմելու տեղ ունենա: Միայն ընտրությունների ժամանակ հայտարարություններ անելով չէ աշխատելը, այլ ամեն օր է պետք աշխատել: Պայմանական ասենք, Վարդենիսի բնակիչն ո՞ւր գնա, երբ խնդիր ունի: Երբ կուսակցությունների նման լայն ցանց լինի, ես ասուլիսներին կգամ ու մի լավ բան կասեմ»,- ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը:
Քաղաքագետի խոսքով՝ իշխանությունները, տեսնելով ԲՀԿ մոտ վերջերս աճող արմատականությունը, կարողացան լուծել այդ խնդիրը: