Նախորդ շաբաթների համեմատ` Հայաստանում նկատվում է սուր շնչառական հիվանդությունների աշխուժացում
Նախորդ շաբաթների համեմատ` Հայաստանում նկատվում է սուր շնչառական հիվանդությունների աշխուժացում, սակայն ՍՇՎ հիվանդությունների թիվը անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 800-ով: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը:
Նրա խոսքերով` Հայաստանում այժմ սուր շնչառական վարակների համաճարակային իրավիճակը հանգիստ է, ներկա դրությամբ հիվանդանոցներում բարդացված կամ ծանր դեպքերով հոսպիտալացվածներ չկան: Ըստ մասնագետի` սա նույնպես վկայում է այն մասին, որ հիվանդացության աստիճանը նորման չի գերազանցում:
Նշվեց նաև, որ ամբուլատոր պոլիկլինիկաներ դիմած հիվանդների թիվը ավելի մեծ է, քան ստացիոնալ բուժման մեջ գտնվողներինը:
«Սա խոսում է այն մասին, որ բնակչությունն արդեն գիտակցում է` ավելի լավ է թեթև գրիպի դեպքում դիմել տեղամասային բժշկին, քան վիճակը բարդացնել և հասցնել ստացիոնալ բուժման»,- ասաց նա` հավելելով, որ հիվանդանոցներում ավելի շատ երեխաներ կան:
Ըստ Լ.Թորոսյանի` իրենք շարունակում են ամենօրյա մոնիտորինգները, կատարում են լաբորատոր հետազոտություններ, որոնց նպատակն է հայտնաբերել հիվանդությունների առավել տարածված հարուցիչները:
Լաբորատոր հետազոտությունների արդյունքերով` այսօր առավել տարածված են գրպի B, A տեսակի H3 ենթատեսակը, ինչպես նաև շրջանառվում են շնչառական այլ վարակների հարուցիչներ` ադենովիրուսներ, ռեսպիրատոր սինտիցիալ վիրուսներ, մետապնևմովիրուսներ, որոնց նկատմամբ ավելի խոցելի են 0-5 տարեկան երեխաները:
Գտնվելով սուր շնչառական վարակների և գրիպի սեզոնում` մասնագետը կոչ արեց զգոն լինել, առաջին իսկ ախտանշանների դեպքում չզբաղվել ինքնաբուժմամբ, այլ դիմել բժշկի օգնության:
Գրիպի հիմնական ախտանշաններն են՝ բարձր ջերմություն, գլխացավ, մկանային ցավ, հազ, անգինա, ռենիտ: Հիվանդության գաղտնի շրջանը 1-3 օր է: Լ.Թորոսյանը նշեց նաև, որ գրիպանման երևույթների ժամանակ պետք չէ օգտագործել առանց բժշկի նշանակման հակավիուսային պատրաստուկներ:
Նա նաև հայտնեց, որ խիստ ուշադրություն է դարձվում հանրապետության դպրոցների և մանկապարտեզների ջերմային ռեժիմին: Այն դպրոցներում, որտեղ արձանագրվել է նորմայից ցածր ջերմաստիճան, այդ մասին տեղեկացրել են մարզպետներին և Երևանի քաղաքապետին, որպեսզի հարցին համակարգային լուծում տրվի և կրթօջախներում ապահովեն համապատասխան ջերմաստիճան: