Newsweek. Փորձագետները մտահոգված են Հայաստանի և Ադրբեջանի միջև «հանկարծակի պատերազմի» հավանականությամբ
«Լեռնային Ղարաբաղ վիճելի տարածքի համար հայկական և ադրբեջանական զորքերի միջև բախումների ակտիվացումը վերլուծաբաններին ստիպում է նախազգուշացնել ռազմական գործողությունների սրման և նույնիսկ երկու երկրների միջև «հանկարծակի պատերազմի» մասին»,-նման տեսակետ է հայտնել վերլուծաբան Ֆելիսիա Քեփոնը` «Newsweek» ամսագրում հրապարակված իր հոդվածում:
Հեղինակի դիտարկմամբ` հակամարտության գոտում լարվածության աճը կարող է պայմանավորված լինել նաև Ռուսաստանի այդ տարածաշրջանում իրականացվող քաղաքականությամբ, որի նպատակն է հնարավորինս ամրապնդել ռուսական ներկայությունը: Այս համատեքստում հեղինակը նաև ուշադրություն է հրավիրում Ռուսաստանի կողմից Հայաստանին և Ադրբեջանին զենք վաճառելուն:
«Ներկայում փորձագետները նախազգուշացնում են, որ այս տարվա իրադարձությունները սովորականից ավելի վտանգավոր էին` դառնալով երկու կողմերից զոհերի պատճառ` այդ թվում նաև քաղաքակացիական բնակչությամ շրջանում»,- գրում է պարբերականը:
Այնուհետև իրադարձությունների զարգացման ընթացքի վերաբերյալ պարբերականը մեջբերում է «Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի» ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանի դիտարկումները` համաձայն որոնց, Ռուսաստանի համար լավագույն տարբերակը ստուտս քվոն է: Այդուհանդերձ, ուկրաինական իրադարձություններով պայմանավորված, փորձագետը մտահոգություն է հայտնել, որ Մոսկվան իր քայլերում ոչ ռացիոնալ է դառնում:
Տարածաշրջանում Ռուսաստանի դերակատարման ակտիվացման մասին տեսակետ է հայտնել նաև Լոնդոնի «Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի» փորձագետ Ջոն Մաքլեոիդը: Վերջինս նաև իր մտահոգությունն է հայտնել առ այն, որ լարվածության աճի արդյունքում իրավիճակը կարող է վերահսկողությունից դուրս գալ:
Անդրադառնալով սահմանային միջադեպերին` պարբերականը հիշեցնում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայկական ուղղաթիռի խոցման, հրադադարի խախտման դեպքերի, ինչպես նաև այն մասին, որ կրակոցների թիրախ է դառնում նաև քաղաքացիական բնակչությունը:
«Ներկա ժամանակաշրջանը նաև առանցքային նշանակություն ունի հակամարտության համար, քանի որ այս տարի նշվում է Թուրքիայում իրագործված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, ինչը կարող է խորացնել առանց այն էլ լարված իրավիճակը»,- եզրափակում է պարբերականը: