Starbucks-ը ներողություն է խնդրել հայկական տարազը թուրքական դրոշի մահիկի ու աստղի ֆոնին ներկայացնելու համար
Հայտնի Starbucks ընկերությունը ստիպված է եղել ներողություն խնդրել վերջին գովազդային արշավի համար, որը վիրավորել է բազմահազար հայերին: Asbarez-ը տեղեկացնում է, որ օրեր առաջ Starbucks ընկերությունը գովազդը տարածել է այնպիսի պաստառներով, որոնց վրա հայկական տարազով աղջիկներ են՝ թուրքական դրոշի վրա նկարված մահիկի ու աստղերի ֆոնին: Դա վրդովվեցրել է բազմահազար հայերին, և նրանք սոցիալական ցանցերում (twitter, facebook) Starbucks-ի դեմ արշավ են կազմակերպել` բոյկոտելով ընկերության արտադրանքը, պահանջելով վերացնել սխալը: Ավելին, Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան թևի անդամները #BoycottStarbucks հեշթեգով դժգոհություն արտահայտող հաղորդագրություններ են տարածել:
Asbarez-ի հարցմանն ի պատասխան Starbucks-ի մամլո խոսնակը ասել է, որ սխալմունք է եղել և հավելել. «Սխալմունք է եղել, որի համար ներողություն ենք խնդրում: Հայցում ենք մեր ներողամտությունը՝ հաճախորդներին անհանգստություն պատճառելու համար: Մենք հեռացրել ենք այդ պաստառները Վուդլանդ Հիլզի մեր որոշ խանութներից աշխատում ենք սխալը վերացնելու ուղղությամբ»:
Իսկ ահա ընկերության կորպորատիվ հաղորդակցությունների գծով բաժնից լրատվամիջոցին ասել են, թե ինչո՞ւ պետք է Starbucks-ը գովազդեր մի երկիր, որտեղ վերջին տարիներին ամենամեծ թվով լրագրողներ են ազատազրկվել:
«Բացի այդ, այդ երկրում չկա խոսքի ազատություն, Twitter-ը և YouTube-ը փակվում են, բարեփոխումների համար պայքարող ցուցարարներ են ազատազրկվում, այդ երկրի նախագահը կողմնակից է այնպիսի օրենսդրության, որի համաձայն կանայք երկրորդական խավ են համարվում, և այս ամենին գումարած շարունակում է հերքել Հայոց ցեղասպանությունը, 1915 թվականի դեպքերը, երբ 1,5 մլն հայ սպանվեցին», ընկերության կորպորատիվ հաղորդակցությունների բաժնի հայտարարությունը փոխանցում է Asbarez-ը: