Մարսելի քաղաքապետարանը կաջակցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման նախաձեռնությանը
Փետրվարի 17-ին Ֆրանսիայի Մարսել քաղաքի քաղաքային խորհուրդը որոշել է աջակցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման նախաձեռնությանը: Մարսելի քաղաքային խորհրդի նիստի ժամանակ քաղաքապետի տեղակալ Դիդյե Փարաքյանը ներկայացրել է «Քննարկումներ 1915 թվականի Հայոց ցեղասպանության ոգեկոչման առնչությամբ» նախաձեռնությունը: Այս մասին հայտնում է «ԵՌԱԳՈՅՆ»-ը:
«1915 թվականի ապրիլի 24-ին Օսմանյան Թուրքիայի իրականացրած ցեղասպանությունը խլեց 1.5 մլն հայի կյանք: 1915 թվականից սկսած` Մարսելն ընդունել է Ցեղասպանության բազմաթիվ վերապրածների, ովքեր այսօր հայկական սփյուռքի հզոր մասն են: 2001 թվականի հունվարի 29-ին Ֆրանսիան պաշտոնապես ճանաչեց 1915 թվականի Հայոց Ցեղասպանությունը: 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը` Հայոց Ցեղասպանությունը, պետք է դատապարտվի, և դրա հերքում վիրավորում է զոհվածների հիշատակը և նրանց ժառանգների արժանապատվությունը: Մարսելի հայ համայնքը օժանդակել է քաղաքի և քաղաքի մշակույթի զարգացմանը: Մարսելը և Երևանը դեռ 1992 թվականից հաստատել են ամուր կապեր: Այս ամենը քաջալերում է, որ քաղաքային խորհուրդն ընդունի այս բանաձևը»,-ելույթում ասել է Մարսելի փոխքաղաքապետը:
Լսելով զեկույցը` Մարսելի քաղաքային խորհուրդը որոշել է հիշատակել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, ինչպես նաև ցեղասպանության ճանաչման ուղղությամբ ծրագրեր մշակել և պայքարել ցեղասպանության ժխտման դեմ: