Յուրա Մովսիսյան. «Իմ գլխավոր մրցակիցը ես ինքս եմ»
Մոսկվայի «Սպարտակի» և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը championat.com-ին տված հարցազրույցում խոսել է ակումբի հետ ստորագրած նոր պայմանագրի, վնասվածքից ապաքինման, Մուրատ Յակինի դերի և հիմնական կազմում տեղի համար մրցակցության մասին:
- Այս մի քանի օրը, իրոք, ինձ համար շատ կարևոր էին,- նշել է Մովսիսյանը: Պայմանագրի երկարաձգմանը միտված բանակցությունները բարդ չէին և շատ արագ ընթացան: «Ոսկե վարազը» (մրցանակը տրվել է երկրպագուների վարկածով «Սպարտակի» 2013-2014 թթ. մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստին) ընկալում եմ որպես գնահատական այն մարդկանց կողմից, որոնց համար մենք ֆուտբոլ ենք խաղում: Խոսքը մեր ֆանատների մասին է: Իսկ ահա երկրպագուհիների շնորհավորանքները Սուրբ Վալենտինի տոնի առթիվ ցնցող են: Ես շատ էի հուզվել՝ կարդալով նրանց նամակները, խոստովանությունները: Այդ ամենը, իրոք, շատ հաճելի է:
- Անցած տարին, հավանաբար, ամենաբարդն էր Ձեր կարիերայում:
- Այո: Մրցաշրջանի հենց սկզբում ստացած վնասվածքը, թիմի արձանագրած արդյունքը՝ այն ֆոնին, որ հույս ունեինք ավելի բարձր դիրք գրավել… Այս բոլոր իրադարձություններն ապրելը ծանր էր նաև այն պատճառով, որ առաջնության վերջում ես լիարժեք պատրաստ չէի: Վերջին հանդիպումներն անցկացրեցինք մեր հնարավորությունների 50-60 տոկոսի սահմաններում: Այդ ամենն ինձ շատ տխրեցրեց:
- Դրան գումարած՝ երբ վնասվածք ստացաք, փոխվեց մարզիչը: Հոգեբանորեն չէ՞ր ճնշում այն, որ Դուք, ի տարբերություն մյուսների, Մուրատ Յակինի օրոք հենց սկզբից չէիք կարող ապացուցել, որ անհրաժեշտ եք թիմին:
- Հոգեբանորեն ճնշում էր վերականգնման գործընթացը և լավ մարզավիճակի ձեռքբերումը: Ես այն մարդը չեմ, ով հանգիստ կնստի պահեստայիննների նստարանին կամ իր թիմի խաղերին կհետևի, օրինակ, տրիբունայից: Ինձ համար դա պարզապես անտանելի է: Ուզում եմ մշտապես լինել խաղի մեջ, պայքարել ու դրա համար ներդնել բոլոր ուժերը: Փառք Աստծո, հիմա ամեն ինչ արդեն անցյալում է: Ինձ շատ լավ եմ զգում, իսկ ծունկս այլևս չի անհանգստացնում: Իհարկե, դեռ պետք է լավ աշխատեմ դահլիճում և վերականգնեմ մարզավիճակս ստուգողական խաղերում, սակայն վստահ եմ, որ շատ շուտով լիարժեք պատրաստ կլինեմ:
- Այդուհանդերձ, դրան ինչպե՞ս արձագանքեց Մուրատ Յակինը: Այդ շրջանում նրա հետ հաճա՞խ էիք շփվում:
- Երբ նոր մարզիչ է գալիս, բնականաբար, հենց առաջին օրից ուզում ես ցուցադրել քո բոլոր հնարավորությունները: Ես դա չկարողացա անել: Անկասկած, Մուրատը գիտեր, թե ես ինչպիսի խաղացող եմ, քանի գոլ եմ խփել «Սպարտակի» կազմում և ինչի եմ ունակ: Դա ես հասկանում էի, բայց միևնույն ժամանակ գիտակցում էի, որ գոլերը, փոխանցումներն ու մյուս բաները մնացել են անցյալում և այլևս հրատապ չեն, որովհետև երեկվա օրդ մարզչին չի հետաքրքրում: Նրան միայն ներկան է հետաքրքրում: Ինչ վերաբերում է Մուրատ Յակինի հետ շփումներին, այդ մարդը ոչ միայն ինձ համար ամենաբարդ շրջանում շատ ուժեղ աջակցեց, այլև շատ բան արեց ողջ կոլեկտիվի համար: Հենց նրա շնորհիվ է, որ թիմում հիմա հիանալի մթնոլորտ է:
- Վնասվածքների թեման ամփոփենք վերջին հարցով. ինչպե՞ս են Օզբիլիսի գործերը:
- Արասը վերականգնվում է և անհամբերությամբ է սպասում այն պահին, երբ կրկին խաղադաշտ կմտնի: Մենք, մեր հերթին, կարոտել ենք նրան: Օզբիլիսն անհավանականորեն կարևոր ֆուտբոլիստ է ողջ թիմի համար: Շատ ափսոս, որ վնասվածքը երկար ժամանակով նրան դուրս թողեց շարքից, բայց, ճանաչելով Արասին, կարող եմ ասել, որ վերադարձից հետո ավելի ուժեղ կդառնա:
- Անցյալն ավարտեցինք, այժմ անդարադառնանք ներկային: Ըստ էության՝ այս ձմռանը Դուք մնացիք թիմի միակ փորձառու հարձակվողը: Ձեզ համար ո՞րն է ամենահարմարավետը՝ երբ մրցակցությունը բա՞րձր է, թե՞, ընդհակառակը, ցածր:
- Իմ գլխավոր մրցակիցը ես ինքս եմ: Լուրջ եմ ասում, այնպիսի մեկը, ով ինձ վրա ավելի կազդի, քան ինքս, գոյություն չունի ոչ թիմում, ոչ երկրում, ոչ էլ ամբողջ աշխարհում: Բնականաբար, ցանկացած ակումբ ձգտում է հնարավորինս շատ հարձակվողներ ունենալ, բայց մենք երիտասարդ խաղացողներ ունենք, ովքեր հիմա շատ բան են սովորում ու աճում: Չնայած մենք ենք նրանց երիտասարդ համարում, քանի որ այդ տղաներն արդեն 22-23 տարեկան են: Հասկանալի է, որ նրանց ճնշում է պատասխանատվության մեծ բեռը, բայց ես, իմ հերթին, ամեն ինչ կանեմ, որպեսզի օգնեմ նրանց՝ բացահայտելու իրենց տաղանդը: Հիմա էլ բացատրում եմ, որքան կարող եմ, որովհետև վերջնարդյունքում դրանից թիմն է շահում, նշանակում է՝ մենք բոլորս:
- Ինչպիսի՞ն է ֆիզիկական ծանրաբեռնվածությունը հավաքների ընթացքում: Գլուշակովն ու Մակեևն ասում էին, որ վաղուց նման բանի չէին բախվել:
- Իրականում վազքը, իրոք, շատ էր, հատկապես՝ սկզբում: Սակայն եթե դատենք վերջնարդյունքի տեսանկյունից, իմ կարծիքով՝ հավաքները հիանալի ստացվեցին:
- Իսկ ազատ ժամանակն ինչպե՞ս եք անցկացնում: Ֆիլմ-սերիալնե՞ր:
- Այո: Սիրում եմ նաև հեռուստատեսային շոուները: Դրան գումարած՝ հիմա Թուրքիայում հայաստանյան շատ թիմեր են հավաք անցկացնում, որում հանդես են գալիս իմ լավ ընկերները: Մենք պարբերաբար հանդիպում ենք:
- Որքանով տեղյակ եմ, ընկերներ ունեք նաև «Կրասնոդարում»: Երբ հեռանում էիք այդ թիմից, կարո՞ղ էիք պատկերացնել, որ «Կրասնոդարն» այդքան արագ լավագույն ակումբների մրցակիցը կդառնա:
- Ես վաղուց բոլորին ասում եմ, որ Սերգեյ Նիկոլաևիչ Գալիցկին այնպիսի ակումբ է կառուցել, որի զարգացումն օրինակ է մյուս բոլոր թիմերի համար: «Կրասնոդարում» միլիոներ չեն ծախսում, սակայն արդեն մի քանի տարի է՝ ճիշտ բաներ են անուն ճիշտ պահերին. զարգացնում են ակադեմիան, մարզադաշտ են կառուցում, ներդրումներ կատարում հիմնական թիմում:
- Կրասնոդարից տեղափոխվելուց հետո արա՞գ հարմարվեցիք Մոսկվային: Չէ՞ որ խոսքը միանգամայն տարբեր քաղաքների մասին է:
-Կրասնոդարն ինձ միշտ դուր է եկել, բայց կյանքը Մոսկվայում նույնպես լիարժեք բավարարում է: Առավել ևս, որ մեծացել եմ Լոս Անջելեսում, ուստի, իհարկե, ավելի շատ հարմարվել եմ մեծ քաղաքներին: Երբեմն ուղղակի եղանակային պայմաններն են դավաճանում…
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան