Ադրբեջանցի «գիտնականը» չի հավատում, որ երկրագունդը պտտվում է
Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի ձեռագրերի ինստիտուտի աշխատակից Աքրամ Հասանովը ֆեյսբուքյան իր էջում գրառում է թողել, որում հավաստիացնում է, թե սուտ է գիտական այն պնդումը, որ երկրագունդը պտտվում է իր առանցքի շուրջ: Այս մասին հաղորդում է ադրբեջանական Moderator.az կայքը` հղում կատարելով Anspress լրատվական գործակալութանը:
Ադրբեջանցի գիտնականը գրել է, թե որոշ երկրներում 6 ամիս ցերեկ, 6 ամիս գիշեր է լինում, ուստի ինքը եզրակացնում է, որ գիտական այն պնդումը, թե երկրագունդը պտտվում է, չի համապատասխանում իրականությանը:
«Նորվեգիայի հյուսիսում արևը 3 ամիս մայր չի մտնում: Եթե երկագունդը պտտվեր, արևը մայր կմտներ: Նշանակում է` մենք պետք է վերջապես հասկանանք` չնայած մեզ հրամցվող տեղեկությունները գիտական են, դրանք ապացուցման ու նշանակալից փաստարկների կարիք ունեն», -տարակուսել է նա:
Կայքը նաև հայտնում է, որ Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի աշխատակիցը իր կասկածը հիմնել է Սաուդյան Արաբիայից իմամ, շեյխ Բենդեր ալ Հայբարի` երկրագնդի չպտտվելու վերաբերյալ պնդման վրա:
«Այդ ծիծաղելի թեզը քննարկումների առիթ էր դարձել շատ տեղերում»,- եզրափակում է կայքը: