«Արձանագրությունները մեռած թուղթ են»
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հայ-թուրքական արձանագրությունների հետկանչը խորհրդարանից Թուրքիայում առանձնապես մեծ արձագանք չգտավ ներթուրքական գերծանրաբեռնված քաղաքական օրակարգի պատճառով: Նման կարծիք է հայտնել հրեական ծագումով թուրք հայտնի լրագրող, արտաքին քաղաքական հարցերով վերլուծաբան և «Միլլիյեթ» թերթի սյունակագիր Սամի Քոհենը:
«2009թ. հոկտեմբերին Ցյուրիխում ստորագրված արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու համար ընտրված ժամանակը հստակորեն բացահայտում է այդ մարտավարական քայլի նպատակը,- գրում է Քոհենը: - Քանի որ Հայաստանն այդպիսով հող է նախապատրաստում ապրիլի 24-ին «Հայոց ցեղասպանության 100 ամյակի» առթիվ ծավալվելիք գործունեության համար»:
Հոդվածագիրը շեշտում է, որ արձանագրությունների հետկանչի հայկական պատճառաբանությունը համապատասխանում է իրականությանը, և Թուրքիան, իրոք, բազմիցս առաջ է քաշել ղարաբաղյան հիմնախնդրի լուծման նախապայմանը: Միաժամանակ շատ ակնհայտ է, որ թուրքական կառավարությունը մտադիր չէ երբևէ հրաժարվել իր այս պահանջից: Ու չնայած դրան, Թուրքիան դեռևս շարունակում է խորհրդարանում պահել արձանագրությունները, Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակն էլ հայտարարում է, որ իրենք շարունակելու են հավատարիմ մնալ արձանագրությունների ոգուն: Եվ սա այն դեպքում, երբ Հայաստանն իր վերջին քայլով ցույց տվեց, որ արձանագրություններն իր համար այլևս «մեռած են»: Եվ սխալ չի լինի ասել, որ արձանագրություններն այժմ «մեռած թղթից» բացի իրենցից ուրիշ ոչինչ չեն ներկայացնում:
«Դժվար չէ, իհարկե, հասկանալ Հայաստանի հետ սահմանի բացման և դիվանագիտական հարաբերությունների ստեղծման գործընթացում Թուրքիայի` համառորեն նախապայմաններ առաջ քաշելու պատճառը: Թուրքիայի համար Ադրբեջանը մի շարք առումներով շատ կարևոր է: Անկարան չի ցանկանա այնպիսի քայլ անել, որը կարող է եղբայրական երկրի սիրտը կոտրել: Մինչդեռ, եթե Թուրքիան կարողանա Հայաստանի հետ երկխոսություն ստեղծել, դա կարող է մեծապես նպաստել տարիներ շարունակ հանգուցալուծում չստացող ղարաբաղյան խնդրի կարգավորմանը: Անկարան դեռ սկզբից պետք է կարողանար այս հարցում համոզել Բաքվին»,- գրում է հոդվածի հեղինակը:
Ամփոփելով Քոհենը եզրակացնում է, որ այս պահին երկկողմ հարաբերություններում արդեն ոչ թե մեղմացում, այլ լարվածության մեծացում պետք է սպասել` կապված ապրիլի 24-ի առթիվ Հայաստանի և Հայկական սփյուռքի` համաշխարհային մակարդակով իրականացնելիք գործունեության հետ: Ցեղասպանության 100 ամյակի առթիվ մեծ թվով համաշխարհային առաջնորդներ կայցելեն Հայաստան, և այս առումով Էրդողանի կողմից Չանաքքալեի միջոցառումների տեղափոխումը ապրիլի 24 և բազմաթիվ այլ երկրների նախագահների թվում նաև Սերժ Սարգսյանին հրավիրելը անօգուտ քայլ էր: