Թուրքիայի խորհրդարանի նախագահի զարմիկը ժամանակին ոչնչացվել Է ASALA-ի կողմից
Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) նախագահ Ջեմիլ Չիչեքը Քաբուլում հանդիպել է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ և ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մայքլ Թըրների գլխավորած պատվիրակության հետ:
Թուրքական «Հաբեր թուրք» լրատվական ծառայությունը հայտնում է, որ հանդիպման ժամանակ քննարկումների առանցքում եղել են նաև հայկական թեմային առնչվող հարցեր:
Չիչեքը, դժգոհելով, որ Հայկական սփյուռքը Թուրքիայի հեղինակությունը սևացնող քարոզարշավ է սկսել, մասնավորապես ասել է. «Այս հարցում մենք ակնկալում ենք մեր բարեկամների աջակցությունը: Եկեք օգնենք պատմաբաններին և գիտական հաստատություններին` բացահայտելու պատմական ճշմարտությունը»:
Թուրքիայի խորհրդարանի նախագահը հիշել է նաև «Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ»-ի` ASALA-ի վրիժառուական գործողությունների մասին` դրանք անվանելով, սակայն, ահաբեկչություն: Չիչեքը ներկաներին պատմել, որ ASALA-ի կողմից ոչնչացված թուրք դիվանագետների մեջ եղել է նաև իր զարմիկը, ով սպանվել է 1982-ին Պորտուգալիայում:
Պարզաբանենք, որ Չիչեքը նկատի է ունեցել Լիսաբոնում Թուրքիայի դեսպանատան վարչական հարցերով կցորդի (ատաշե)` Էրքութ Աքբայի սպանությունը: Հայոց ցեղասպանության ժխտմանը ծառայող Աքբան ASALA-ի զինյալների կողմից սպանվել է 1982թ. հունիս 27-ին իր ավտոմեքենայի մեջ լուսացույցի կարմիր լուսային ազդանշանի տակ կանգ առնելու ժամանակ: