Ադրբեջանի գյուղատնտեսությունը կաթվածահար վիճակում է. երկիրը կախված է ներկրումից. Meydan TV
Ադրբեջանում հրապարակվել է 2015 թվականի հունվարին արտաքին առևտրի մաքսային վիճակագրությունը, ինչից հստակ երևում է, որ երկրի իշխանությունները գյուղատնտեսական ոլորտը հասցրել են կաթվածահար վիճակի. երկիրը կախված է ներկրումից և կանգնած է պարենային վտանգի շեմին: Ադրբեջանում գյուղատնտեսական մթերքների պահանջարկի` ներմուծումից կախվածությունն աստիճանաբար աճում է, և ավելի լայն տեսականի ներմուծելու կարիք է լինում: Ինչպես գրում է ադրբեջանական Meydan TV հեռուստաընկերության կայքը, այս մասին Ադրբեջանի գյուղատնտեսության գծով փորձագետ Վահիդ Մահերամովը գրել է իր ֆեյսբուքյան էջում:
«Այս տարվա հունվարին Ադրբեջանից արտահանված ապրանքների արժեքը, անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, 31.70 տոկոսով նվազել է, իսկ նույն ժամանակահատվածում ներկրված ապրանքների արժեքը, անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, 7.16 տոկոսով աճել է»,- գրում է նա:
Փորձագետը հայտնել է, որ Ադրբեջանում հիմնական սննդամթերք հանդիսացող մսի և սննդի համար օգտակար մսային հավելումների ներկրման ծավալներն աճել են 319 տոկոսով (3 անգամից ավելի), մսացու կենդանիների ներկրումը` 123 տոկոսով, կարագի ներկրումը` 196 տոկոսով, կաթնամթերքի, ձվի, բնական մեղրի, կենդանական ծագում ունեցող պարենամթերքի ներկրումը` 43 տոկոսով, ալյուրի, ձավարեղենի ներկրումը` 63,53 տոկոսով, միրք-բանջարեղենի ներկրումը` 43 տոկոսով: