Չավուշօղլու. «Քանի դեռ չեն իրականացվել հայտնի պայմանները, արձանագրությունների կիրառման մասին խոսք լինել չի կարող»
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հարցազրույց է տվել իշխանություններին մոտ կանգնած թուրքական հայտնի «Սաբահ» պարբերականին: Խոսելով տարբեր խնդիրներից` Չավուշօղլուն անդրադարձել է նաև Միացյալ Նահանգներ կատարելիք այցի, իսլամական շարժման առաջնորդ, ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթուլահ Գյուլենի և հայ-թուրքական հարաբերություների թեմաներին:
Մասնավորապես հայ-թուրքական կարգավորման գործընթացի վերաբերյալ Չավուշօղլուն նշել է. «Կովկասում իրավիճակը կարգավորելոււ համար անհրաժեշտ է որոշ պայմանների բավարարում: Դրանցից գլխավորը կապված է Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների օկուպացման հետ: Մինչև այսօր Հայաստանը ոչ մի քայլ չի կատարել: Այդ իսկ պատճառով քանի դեռ չեն իրականացվել հայտնի պայմանները, արձանագրությունների կիրառման մասին խոսք լինել չի կարող»:
Չավուշօղլուն տեղեկացրել է, որ մարտ ամսին ԱՄՆ կատարելիք այցի շրջանակներում հանդիպում է նախատեսված պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Վաշինգտոնում իշխանական շրջանակների հետ շփումներ կունենան նաև ԱՄՆ-ի հետ բարեկամության խորհրդարանական խմբի թուրք պատգամավորները: Նախարարը նաև նշել է, որ Գյուլենի արտահանձման համար անհրաժեշտ են մի շարք փաստաթղթեր, որոնցով այժմ զբաղվում է Թուրքիայի արդարատադության նախարարությունը: