Գյուլենին մեղադրում են Էրդողանի դստերը սպանելու ծրագիր ունենալու մեջ
Ֆեթուլլա Գյուլենի իրավաբանը ժխտել է բոլոր իշխանամետ լրատվամիջոցների մեղադրանքները, համաձայն որոնց Գյուլենը պատվիրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դստեր սպանությունը: Գյուլենի իրավաբանն այդ մեղադրանքները «անբարո զրպարտություն» է որակել: Այս մասին գրում է «Թըդեյս Զամանը»:
Ըստ Գյուլենի իրավաբանի՝ «Սթար», «Աքշամ» և «Գյունեշ» պարբերականները զրպարտել են Գյուլենին, և պարտավոր են պատասխան տալ իրենց զրպարտության համար:
«Իշխանության գլխին լինելը, թերթերի սեփականատեր լինելն ու հանրային ռեսուրսների նկատմամբ անսահամանափակ հասանելիությունը ոչ ոքի իրավունք չի տալիս նման պարզամիտ ձևով գործել: Մենք ուզում ենք հանրությանը տեղյակ պահել, որ ամաչում ենք, որ ստիպված ենք նման ստոր ստերի մասին մեկնաբանություններ տալ»,- ասել է Գյուլենի իրավաբան Ալբայրաքը:
Վերը նշված երեք պարբերականներում հայտնված անանուն հայտարարությունը, ըստ նրանց, հիմնված է եղել այն տեղեկության վրա, թե իբր Էրդողանն իր դստերը սպանելու Գյուլենի պլանների մասին իմացել է թվիթերյան մի էջից, որն, ըստ նշված պարբերականների, պատկանում է ընդդիմադիր ՀԺԿ պատգամավոր Ումուտ Օրանին:
Անկարայի գլխավոր դատախազությունը անմիջապես հետաքննություն է սկսել ծրագրված սպանության պնդումների հետքերով: Հետաքննությունն, ըստ աղբյուրի, կվարի «սահմանադրական կարգի դեմ արվող հանցագործությունների» գծով պատասխանատուի գրասենյակը: