Պոլիտեխնիկի շուրջ պատերազմը չի դադարում. «Հրապարակ»
«Հրապարակ»-ում կարդում ենք. «Մինչ ներքաղաքական դաշտում հրադադար է, պոլիտեխնիկի շուրջ պատերազմը չի դադարում: ԿԳՆ-ում մտմտում են «Թոքմաջյանի հարցը» վերջնականապես լուծելու մասին: Նախորդ օրը ԿԳ նախարարին բուհում կատարվող ապօրինությունների մասին նամակ գրած դասախոսին ռեկտորն ազատել է աշխատանքից: Միաժամանակ Թոքմաջյանը փորձում է անել ամեն ինչ, որպեսզի կանխի իր պաշտոնաթողությունը, և «արբիտրի» դերում նա փորձել է «տեսնել» Ղարաբաղի իշխանություններին, բանն այն է, որ Ստեփանակերտի օդանավակայանը նախագծել է նրա ղեկավարած ճարտարապետա-շինարարական համալսարանը, որից հետո ղարաբաղյան վերնախավի հետ ջերմ հարաբերություններ են հաստատվել: Սակայն ղարաբաղցիք հրաժարվել են միջամտել։ Իսկ Թոքմաջյանին ամեն գնով ազատելու նախարարի մտադրությունը պայմանավորված է ֆեյսբուքյան սկանդալով, երբ ռեկտորը ոչ պատշաճ էր արտահայտվել Արմեն Աշոտյանի մասին»։