Րաֆֆի Հովհաննիսյան. Ներկա դրությամբ եռյակ գոյություն չունի (տեսանյութ)
«Ժողովուրդը պարզ արդարություն է ուզում՝ մեր երկրում ապրելու, աշխատելու հնարավորություն է ուզում: Մեր շարքային քաղաքացին ոչ մի տեսակի՝ քաղաքական, քաղաքացիական խաղեր չի ուզում»,- Ազատության հրապարակում ընթացող հանդիպում-ասուլիսում ասաց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նշենք, որ եռյակը՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն և «Ժառանգությունը» փետրվարի 20-ին Ազատության հրապարակում հայտարարել էին հանրահավաք: Երևանի քաղաքապետարանը անհիմն էր համարել փետրվարի 20-ին հանրահավաք անցկացնելու մասին գրությունը և չէր արտոնել: ԲՀԿ-ն չեղյալ էր համարել հանրահավաքը, ՀԱԿ-ը հայտարարել էր, որ մարտի 1-ին Ազատության հրապարակում հրավիրում է համազգային հանրահավաքին: Հանրահավաքի իրազեկումը քաղաքապետարանի կողմից ընդունվել էր ի գիտություն:
Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ հայտարարել էր, որ ինքը փետրվարի 20-ին լինելու է Ազատության հրապարակում:
«Հաշտեցումը, որի մասին իմացանք, քաղաքական լեգիտիմությունից, իրավակարգությունից դուրս է: Այսօր շատ էինք ուզում լինել մեր գործընկերների հետ՝ պարոն Ծառուկյանի, պարոն Տեր-Պետրոսյանի հետ, ինչու չէ Դաշնակցության, Պարույր Հայրիկյանի, Նիկոլ Փաշինյանի, ազատամարտիկների հետ: Այսօր այստեղ այս պահին պետք է լինեին հարյուր հազարավոր մարդիկ: Այդ դեպքում կլիներ նոր Հայաստան: Ինչ որ մեկը չուզեց: Մենք հարգում ենք բոլորին»,- ասաց նա՝ հավելելով, որ այսօրվա պահի փոփոխությունը պայմանավորված չէր որևէ կոնսենսուսի կայացմամբ:
Ր. Հովհաննիսյանն ասաց, որ անցած կիրակի եռյակը վերջապես կոնսենսուսով կայացրեց որոշում. «Նայեցինք իրար, ձեռք մեկնեցինք, սխալները ներեցինք: Այսօր պետք է հավաքվեինք այստեղ այս ժամին: Հրաշք: Հրաշք: Հասկացա, որ հայ մարդը՝ մեկը հարուստ, մեկը առաջին նախագահ, մյուսը սփյուռքից ժամանած, ձեռք մեկնեն ու ասեն, որ հայ ժողովուրդն արժանի է լավագույնի»:
««Ժառանգությունը» չէ իր բոլոր ազատ խոսքերով հանդերձ, որ դուրս է եկել եռյակից: Ցավում ենք, որ մեր գործընկերները ներկա դրությամբ իրենք են որոշել իրենց քայլերով դուրս գալ եռյակից: Ներկա դրությամբ եռյակ գոյություն չունի: Մենք կանք՝ եռյակում, տասնյակում, ժողովրդին պատկանող ցանկացած ձևաչափում, մեր դռները բաց են Ծառուկյանի, Տեր-Պետրոսյանի և բոլոր հայրենակիցների առջև»,- ասաց նա:
Պատասխանելով հարցին, թե «Ժառանգությունը» դո՞ւրս է եկել եռյակից, Ր. Հովհաննիսյանը պատասխանեց. «Մենք որևէ տեղից դուրս չենք եկել: Մենք միշտ համագործակցում ենք: Հարցերը պետք է տրվեն մյուս ուժերին: Մենք միասին՝ երեք ուժերով, որոշել էինք այսօր այստեղ հավաք անցկացնել, իսկ այսօր կանք միայն մենք»:
Ր. Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ փետրվարի 27-ին կրկին Ազատության հրապարակում հրավիրում է ասուլիս-հանդիպում:
«Դուրս արի Ազատիչ, իսկ Ռիչարդովիչը ձեզ հետ դուրս կգա»,- ասաց «Ժառանգություն» կուսակցության ղեկավարը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան